«Հավաքվելու ենք, թաքուն զե նք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել «Tik Tok» սոցիալական ցանցում առկա հրապարակման դեպքի հետ կապված, որտեղ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրության մեջ երկու անձինք զրուցում են և ասում՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք»։

Ըստ ՔԿ-ի՝ հրապարակման վերաբերյալ հաղորդումը ստացվել է մայիսի 7-ին։

«Երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին չխոսելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ 2024թ. մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել նշված տեսագրությունը: Քննությամբ պարզվել է, որ նշված խոսակցությունը և դրա վերաբերյալ «TikTok» հավելվածում գրանցված օգտատիրոջ էջում առկա տեսագրությունը հրապարակվել է մայիսի 6-ին:

Տվյալներ են ստացվել` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունը հայտնում է նաև, որ նշված հանցանքը կատարելու անմիջական ծագած կասկածի հիմքով երկու անձ ձերբակալվել է։

Կատարվում են անհրաժեշտ քննչական, վարութային, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում