Այն, որ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներն աննախադեպ մեծ քանակությամբ են, դրա մասին պարբերաբար ահազանգում են տարբեր կառույցներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Հարկ է նկատել, որ վերջին շրջանում քիչ չեն նաև վթարներն անչափահասների մասնակցությամբ, և, ցավոք, նման պատահարները հաճախ ավարտվում են անցանկալի ելքով։
Թարմ օրինակ է վերջերս Արարատի մարզում գրանցված 3 անչափահասի մահը, որոնք մեքենայով հայտնվել էին ջրանցքում:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ անչափահասների ղեկին լինելու սովորությունը հասարակությունն է ժամանակին թելադրել, որն էլ արմատացել է և պահպանվում է մինչ օրս։
«Երեխային մեքենաների բանալիներ տալը մեզ մոտ ընկալվում է որպես «սիրո դրսևորում»։ Չկայացած, դեռ հոգեբանորեն մեքենա վարելուն անպատրաստ երեխաներին բանալիներ նվիրելը հանգեցնում է նման ողբերգական պատահարների։ Մեր հասարակության մեջ ցավալիորեն ընդունված է, որ երեխաները ընդօրինակում են ցանկացած քայլ թե՛ շրջապատից, թե՛ ծնողներից։ Արագ են վարում, առանց ամրագոտիների, նաև հարբած վիճակում մեքենայի ղեկին են նստում, իրենց շրջապատից էլ որոշները պնդում են, թե հարբած վիճակում մեքենան ավելի լավ են վարում։ Այդ տիպի մարդիկ ի վիճակի չեն ընդհանրապես երեխաներին որևէ բան բացատրել, հետևաբար այս հարցում լուրջ խնդիրներ ունենք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Վերջինիս կարծիքով՝ պետք է նախ հասարակության ներսից հանել այդ սովորությունը։ Մեքենան չպետք է դիտվի որպես շքեղության գնահատում, այն անվտանգության վտանգավոր աղբյուրներից մեկն է․ «Մեքենա վարելը ընդհանրապես վտանգավոր գործընթաց է անգամ մեծահասակների համար։ Այն պահանջում է համապատասխան մտածելակերպ, հոգեվիճակ, որ արդեն պատրաստ ես նստել ղեկին ու վարել այն։ Միայն շարժիչ միացնելն ու այն գործի գցելը չէ, որը կարողանում է ցանկացած երեխա, ու բոլորին թվում է, թե իրենց երեխաները գիտեն մեքենա վարել։ Նաև պետք է ծնողների աչքաթող ու անտարբեր վերաբերմունքը վերացվի, երբ ասում են՝ երեխան ինքն է մեքենան վերցրել, մենք տեղյակ չէինք»։
Վերջինս կարծիքով՝ կարևոր է այս հարցում իրավական խիստ գործընթացների առկայությունը․ պետք է խստացվեն վարորդական իրավունքի համար ստուգումները, գնահատվի մարդու առողջական վիճակը՝ արդյոք նա ի վիճակի՞ է մեքենա վարել:
«Յուրաքանչյուրն իր տեղում պետք է լինի։ Ընդ որում՝ սա վերաբերում է ոչ միայն անչափահասներին, այլ նաև՝ մեծահասակներին, որոնց նույնպես պետք է սովորեցնել մեքենան ճիշտ վարել, փողոցն անցնել։ Հիմա փողոց անցնելը, մեքենա վարելը, կամ, առհասարակ, փողոցի հետ կապված ցանկացած բան հասարակությունն անում է այնպես, ասես մահապարտներ լինեն։ Զրո պատասխանատվության զգացում ունեն բոլորը։ Դրա համար պետք է պատժվի նաև աչքաթող վերաբերմունքը, ծնողն էլ պետք է պատասխանատվության ենթարկվի այն դեպքում, երբ տեղյակ չէ, որ իր անչափահաս երեխան մեքենան վերցրել ու դուրս է եկել տնից։ Հասարակության հետ աշխատել է պետք բոլոր ձևերով»,- նկատում է նա:
Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն էլ մեզ հետ զրույցում ասում է՝ դպրոցական ծրագրերում ներառված են ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, որոնք ուսուցանվում են կրթական հաստատությունների տարրական դասարանի երեխաների շրջանում։ Ըստ նրա՝ դասընթացները բավականին արդյունավետ են։
«Նյութերը պատրաստ են, ծրագիրը կա, դասավանդում են դասվարները։ Շատ երկար տարիներ է, ինչ այս առարկան կա մեր կրթական ծրագրում։ Որոշ դպրոցներում, եթե բակում կան գծանշումներ, միջավայրը համապատասխանում է, դասերը իրականացվում են պրակտիկ, իսկ եթե չկան, ապա՝ գործնական՝ օգտագործելով տարբեր տեսակի ուսումնական նյութեր»,- նշում է նա։
Թորոսյանի խոսքով՝ տարրական դասարաններում երեխաններն այդ կանոնները անցնում են իրենց տարիքին համապատասխան, այսինքն՝ այնքանով, որքան անհրաժեշտ է նրանց։ Բարձր դասարաններում նման առարկա չկա, քանի որ, ըստ ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի, այդ տարիքի երեխաները տարրական դպրոցում ստացած գիտելիքների հիման վրա արդեն ինքնուրույն պետք է իրացնեն կարևոր կանոնները։
Անդրադառնալով այն քննադատություններին, թե անչափահասների կողմից ՃՏՊ դեպքերի հիմնական պատճառն այն է, որ նրանց դպրոցում չեն սովորեցնում ճանապարհային անվտանգության ու երթևեկության կանոնները՝ վերջինս ընդգծում է. «Չեմ կարծում՝ այդ հարցը այնքան է սրվել, որ անհրաժեշտ է քաղպաշտպանության առարկա ևս։ Պետք է նախ հասկանալ՝ գրանցված վթարների, վրաերթների մեղավորները մեծ մասամբ հենց երեխանե՞րն են, թե՞ այդ պատահարները գրանցվում են մեծերի թույլ տված խախտումների հետևանքով ու պատճառ դառնում նաև անչափահասների մահվան։ Եթե ունենք մասսայական ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, դա այլ հարց է, պետք է հասարակության մեջ իրազեկման աշխատանքներ իրականացվեն»։
