Վազգեն (Բագրատ) Գալստանյանի աջակիցները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գլխավորությամբ Կիրանցում թիրախավորել են Հանրային հեռուստաընկերության անձնակազմին։
Դանիելյանը հայտարարեց, թե Առաջին ալիքին արտոնություններ ունի և մուտք է գործելու գյուղ, սակայն իրենք թույլ չեն տալու դա իրականացնել։
Վերջիներս շրջափակել էին տարածքում գտնվող մեքենան, լուսանկարահանում և տեսանկարահանում էին ներսում գտնվող անձնակազմին՝ վանկարկելով՝ «ամոթ»։
Դանիելյանը նշեց, որ հերթական արձանագրում են անում․ «Իրենց քթներից է գալու, խայտառակ ենք անելու»։
Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանության աշխատողները, սակայն, հայտարարեցին, որ որևէ մեկը չի կարող մուտք գործել գյուղ և մուտք չի գործել։
Հիշեցնենք՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և նրա աջակիցները այսօր մեկնել են Կիրանց, նրանք փորձում են ճեղքել ոստիկանական շղթան և գնալ գյուղ: Այնտեղ են նաև երեկվանից Կիրանցում գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը:
Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից՝ Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
Հիշեցնենք՝ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ևս ոստիկանները թույլ չէին տվել գնալ գյուղ, պատգամավորները փորձել էին սադրել ոստիկաններին և բախումներ հրահրել։ Չլսելով ոստիկանների հորդորները՝ նրանք արահետներով և սարերով գնացել էին գյուղ և գիշերել այնտեղ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին: Նաև մեկնարկել է Տավուշի մարզի Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը:
