ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Ազգային ժողվում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում խնդրեց ՀՀ վարչապետին պարզաբանել, թե ի վերջո ո՞ր քարտեզներով է իրականցվում ՀՀ սահմանազատումը՝ հաշվի առնելով այն, որ ընդդիմության ներկայացուցիչները հնչեցնում են տարբեր թվականի քարտեզներ, դրանով փորձելով տորպեդահարել սահմանազատման գործընթացը։
Կառավարության ղեկավարը, պատասխանելով հարցին, նկատեց՝ վերարտադրվում է Խորհրդային միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանները, և դա նշանակում է, որ նոր սահման չի ստեղծվում․ «Խոսվում է 1988 թվականի դեմարկացիոն աշխատանքների միսին, ևս մեկ անգամ ընդգծում եմ՝ այդ աշխատանքները, որոնք ընդունված են անվանել Վլադիմիր Մովսիսյանի հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքներ, դրանցում արձանագրված է, որ այդ կատարած աշխատանքը դրվում է ուժի մեջ։ Հենց այդ նկարագրությամբ այդ աշխատանքը դե յուրե ուժի մեջ չի մտել, որովհետև չի անցել իրավական ընթացակարգերը»։
Այնուհետև վարչապետը ցույց տվեց այն քարտեզները, որով իրականցվում է ՀՀ սահմանազատումը։ Դրանք, ըստ էության, 1976 թվականի ԳՇ քարտեզներն են, որոնք հիմնված են 1969 թվականի քարտեզների հիման վրա։
«Մենք սահմանազատումը՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում իրականացրել ենք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանների վերարտադրության վերաբերյալ իրավական ուժ ունեցող քարտեզների հիման վրա։ Ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովում բանավեճ է եղել ընդդիմության հետ, հարց է առաջադրվել, թե ինչքա՞ն է ՀՀ ինքնիշխան տարածքը, և այդ հարցին կոնկրետ պատասխան չի հնչել։ Մենք ասում ենք, որ ՀՀ տարածքը 29 հազար 743 քառակուսի կմ է, սա իրական Հայաստանի հայեցակարգն է, նրանք, ովքեր պատմական Հայաստանի կրողներն են, այս տրամաբանությունը պետք է ճիշտ հասկանան»։
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք հայտարարում են չակնկալիքների շարժում, դա տանում է դեպի չպետություն, չինքնիշխանություն, չանկախություն, չքաղաքացիություն։
Առավել մանրամասն տեսանյութում։
