Օրերս Տավուշի մարզի սահմանազատված հատվածի՝ Կիրանցի բնակիչների հետ հանդիպումից հետո «չակնկալիքների պայքար» սկսած, բայց վարչապետի հրաժարականն ակնկալող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը հայտարարեց՝ «մարդկանց տներն են ձեռքներից խլում, մարդկանց ողբերգության մեջ են դրել, գյուղը ամբողջությամբ, պետությունն ամբողջությամբ։ Էս արհավիրքն ու աղետը պիտի կանգնի»։ Թե ինչու էր լուռ «սրբազան» շարժման առաջնորդը և ինչու չէր բողոքում (պատրաստ ենք հրապարակել սրբազանի բողոքի վերաբերյալ փաստերը այդպիսիք հայտնաբերելու դեպքում), երբ իր ղեկավարած շարժման շահառուի՝ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման օրոք Երևանի կենտրոնում «իրացման գոտի» օպերացիան էր իրականացվում, և մարդկանց տնազուրկ էին անում «հանրային գերակա շահի» անվան տակ՝ չենք կարող ասել։ Իրենց խախտված իրավունքների համար ՄԻԵԴ դիմած և պետությունից ահռելի փոխհատուցումներ ստացած տասնյակ-հարյուրավոր քաղաքացիների աղաղակը Գալստանյանի նրբազգաց ունկերը չէին գրգռում, ենթադրում ենք՝ այն պատճառով, որ իր հոտի ներկայացուցիչների տնազրկության այդ շրջանը համընկնում է այն շրջանի հետ, երբ վերջինս եկեղեցուն իր ծառայությունը մատուցում էր հազարավոր կիլոմետրեր հեռվում՝ Կանադայում։
Այսօր, սակայն, սրբազանը տիեզերական հառաչ է արձակում, երբ ՀՀ պետական սահմանի սահմանագծման, ՀՀ սուվերեն տարածքի մաս չհանդիսացող տարածքները վերադարձնելու հետևանքով (ոչ թե՝ մայրաքաղաքի կենտրոնի պատմական դիմագիծը խեղելու, «էլիտար» թաղամաս կառուցելու նպատակով) որոշ քաղաքացիների գույքի «խլման» խնդիր է ի հայտ գալիս։ Կառավարությունը, սակայն, քանիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ խլման բոլոր այդ դեպքերում գույքային վնաս կրած քաղաքացիներին կտրվի փոխհատուցում։ Օրերս էլ Գալստանյանի մեկ այլ հայտնի կոլեգա՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր հատուցման հարց բարձրացրել, սակայն եկեղեցո՛ւց «խլված» գույք ու պիտույքի՝ կայքերից մեկի հետ հարցազրույցում լացելով դարդը. «Խնդրեմ՝ մեզ հարկեք ամբողջական, սակայն հատուցեք այն վնասը, որ տվել եք եկեղեցուն՝ եկեղեցիների թալանի, վանքերի կողոպտման, մեր գույքի առգրավման, մեր հողերի բռնագրավման… Վերադարձրեք ամեն ինչ, այն, ինչ բռնագրավել եք եկեղեցուց, հատուցեք այն վնասը, որ հարուցել եք, դրանից հետո սկսեք հարկել։ Մատենադարանը կվերադարձնեք Մայր աթոռին, դրա եկամուտները կստանա Մայր աթոռը, դրանից կհարկեք։ Այն հողատարածքները… Գիտե՞ք՝ քանի գյուղ է եղել եկեղեցու սեփականություն՝ Վաղարշապատ, Օշական, Մուղնի, Մաստարա, Եղվարդ՝ իրենց ամբողջ հողատարածքներով։ Հատուցեք, չեք կարող, չէ՞, հիմա բոլորը վերադարձնել՝ տասնյակ-հազարավոր մարդիկ այդ հողերի վրա նստած են, սեփականության վկայականներ ունեն»։
Սեփական գույքի վերադարձի, դրա ամեն մի միլիմետրը ատամներով պաշտպանելու եկեղեցու այս նախանձախնդրությունը, եթե կուզեք՝ «սրբազան երկյուղածությունը», նկատենք, նոր երևույթ չէ, այլ՝ պատմականորեն ցուցաբերվող վարքագիծ։ Ինչ վերաբերում է «տասնյակ-հազարավոր մարդկանց»՝ եկեղեցապատկան հողերի վրա «նստած» լինելուն, ապա շեշտենք, որ եկեղեցին բազմաթիվ քաղաքացիական հայցեր է ներկայացրել դատարան և պահանջել է «սահմանազատվել» իրեն պատկանող սեփականության տարածքից։
Сivic.am-ը մոնիտորինգ իրականացրեց «Դատալեքս» հարթակում և հայտնաբերեց տասնյակ՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելուն առնչվող գործեր, որոնց ճնշող մեծամասնության դեպքում հայցվոր Հայ առաքելական սուրբ եկեղեցին ( ՀԱՍԵ) հաղթել է՝ դատարանը բավարարել է հայցը։ Հարկ է ընդգծել՝ մեր կողմից ուսումնասիրված բոլոր գործերում նշվում է, որ եկեղեցին իրեն պատկանող գույքը՝ շինություն, հողատարածք և այլն, որպես նվիրատվություն ստացել է տեղական պետական մարմինների կողմից։ Այսինքն՝ «Աստծուց» խլվածը վերադարձվել է «Կեսարի» կողմից, սակայն ոչ թե առքուվաճառքի, այլ՝ նվիրաբերության եղանակով։ Մեր ուշադրությունը գրավեց գործերից մեկը, որի վճիռը հրապարակվել է 2009-ին, Տավուշի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։ Խոսքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (ՀԱՍԵ) ընդդեմ Ջիվան Գիգոլի Մելիքյանի գործի մասին է՝ պատասխանողին հողատարածքից վտարելու պահանջի մասին։ Ըստ հայցվորի՝ ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 9-ի և 2005թ. փետրվարի 17-ի համապատասխան որոշումների համաձայն, պետական սեփականություն հանդիսացող՝ Տավուշի մարզի Կոթի գյուղի եկեղեցին և դրա սպասարկման ու պահպանման նպատակով անհրաժեշտ 0.16 հա հողամասը, որպես նվիրաբերություն, սեփականության իրավունքով հանձնվել է ՀԱՍԵ-ին։ Գործող օրենսդրությամբ սահմանված կարգով եկեղեցին կատարել է իրավունքների պետական գրանցում ինչպես եկեղեցու, այնպես էլ պատմամշակութային նշանակության հողամասի նկատմամբ: Նշված որոշումների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանման կողմից 24.03.2005թ. եկեղեցուն տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
2008թ. նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետաշինարարական բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ պարզվել է, որ գյուղական եկեղեցու 0.16 հա մակերեսով հողամասի 800 քմ մակերեսից ավելի հատվածը առանց պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան որոշման, առանց պայմանագրի և իրավունքների պետական գրանցման, «ապօրինի կերպով զբաղեցվել ու փաստացի օգտագործվում է քաղաքացի Ջիվան Մելիքյանի կողմից»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր 2008թ. համապատասխան գրությամբ գործով պատասխանողին խնդրել է 15-օրյա ժամկետում կամովին ազատել հողամասն ամբողջությամբ և այդ մասին գրավոր տեղեկացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպիսի պահանջը չի կատարվել պատասխանողի կողմից:
Ուշագրավ է պատասխանողի դիրքորոշումը. վերջինս ժխտելով հայցվորի առաջադրած փաստերը՝ հայտնել է դատարանին, որ վիճելի հողատարածքը հանդիսանում է իրենց «պապենական սեփականությունը և փոխանցվում է սերնդեսերունդ: Իրենց տնատիրությունը՝ բաղկացած տանից ու շուրջ 300 քմ մակերեսով հողամասից, նշված հողատարածքում կառուցվել է դեռևս 1700-ական թվականներին, այն, որպես սեփականություն, նախապապից, պապից ու հորից հետո ժառանգել է ինքը, իսկ եկեղեցու զբաղեցրած տարածքը հանդիսացել է իրենց ազգական Արտեմ Մելիքյանի սեփականությունը, որի մահից հետո այն ևս տիրապետել ու օգտագործել է ինքը»: Պատասխանողը 1993թ. իր զբաղեցրած հողատարածքի սահմանների կարգավորման խնդրանքով դիմել է դատախազության մարմիններին, որոնց ցուցումով էլ Կոթիի գյուղսովետի 28.04.1993թ. որոշմամբ եկեղեցուն կից վիճելի հողատարածքը սեփականության իրավունքով հատկացվել է իրեն: Իր կողմից օգտագործվող վերոնշյալ երկու հողամասերը միացնելով միմյանց՝ ցանկապատել է և հիմնել պտղատու այգի: Այն մասին, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասը հատկացվել է Կոթիի եկեղեցուն, իմացել է միայն 2007 թվականին և դիմել է նաև ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժին, որտեղ էլ պատասխանել են, որ եկեղեցու սեփականության իրավունքը վիճելի հողատարածքի նկատմամբ գրանցվել է Կոթիի գյուղապետի (ներկայումս հանգուցյալ) կողմից տրամադրված համապատասխան փաստաթղթերի հիման վրա: Պատասխանողը պահանջել է հայցը բավարարել մասնակիորեն, այն է՝ «իր պապենական տարածքը թողնել իրեն, իսկ հորեղբոր՝ Արտեմ Մելիքյանին պատկանող տարածքը, որը ևս վերջինիս մահից հետո տիրապետում և օգտագործում է ինքը, հանձնել հայցվորին»:
Քննելով գործը՝ դատարանը գտել է, որ «հայցը հիմնավոր է», և որ եկեղեցու սպասարկման համար անհրաժեշտ 1600 քմ մակերեսով հողամասից 800 քմ-ից ավելի հատվածը, առանց ՀԱՍԵ-ի թույլտվության, փաստացի տիրապետվում ու օգտագործվում է Ջիվան Մելիքյանի կողմից, վերջինս հողամասի նշված հատվածը օգտագործում է գյուղատնտեսական նշանակությամբ: Դատարանն, այսպիսով, վճռել էր հայցը բավարարել՝ Ջիվան Մելիքյանին վտարել տեղական նշանակության հուշարձան հանդիսացող Կոթի գյուղի եկեղեցու պահպանման և ապասարկման նպատակով տրամադրված պատմամշակութային նշանակության հողատարածքից:
Մեկ այլ քաղ. գործով էլ (վճիռը հրապարակվել է 2010 թ.) հայցվոր ՀԱՍԵ-ն պահանջել է պետական սեփականություն հանդիսացող, որպես նվիրաբերություն իրեն հանձնված՝ Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցու և դրա սպասարկման ու պահպանման նպատակով անհրաժեշտ 0.37 հա մակերեսով հողամասից ապամոնտաժել (քանդել) պատասխանող Արեգնազ Հակոբյանի կողմից իրականացված ինքնակամ շինությունը (վագոն-տնակ) և նրա ընտանիքին վտարել վեճի առարկա հանդիսացող հողատարածքից: Պատասխանողն առարկել է և հայտնել, որ տարածքը, որտեղ տեղադրված է վագոն-տնակը, համարվում է իր մոր սեփականությունը, և ինքը համարվում է այդ սեփականության համասեփականատերը: 2005թ. ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Անշարժ գույքի կադաստրի Թալինի ստորաբաժանման կողմից իրենց ընտանիքին տրվել է սեփականության իրավունքի վկայական, ըստ որի՝ իրենց համատեղ սեփականությունը համարվող տնամերձ հողամասի չափը 0,123 հա է, մինչդեռ իրենց համատեղ տնամերձի չափը, ըստ Մաստարա համայնքի տնտեսական գրքերի, Հայաստանի ազգային արխիվի տեղեկանքի կազմում է 0,14 հա: Վիճելի տարածքը մինչև օրս գրանցված է որպես իր մոր՝ Սելենյա Հակոբյանի և նրա ընտանիքի անդամների սեփականություն, և չկա ոչ իր մոր և ոչ էլ իր ընտանիքի որևէ անդամի համաձայնությունը վիճելի տարածքի օտարման վերաբերյալ: Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի էլ՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հատուկ պահպանվող տարածքներում սահմանվում են գոտիներ, որոնցում սահմանվում է հողերի օգտագործման և հողամասերի սահմանափակումների հատուկ իրավական ռեժիմ, այդ թվում սերվիտուտներ: Այդ գոտիների սահմաններում սեփականատերերի հողամասերը չեն վերցվում: Իրենց խախտված սեփականության իրավունքի վերականգնման, Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջով իր մայրը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Պատասխանողը միջնորդել է դատարանին հայցը թողնել առանց քննության: Դատարանն էլ, հայցը հիմնավոր համարելով, մասնավորապես նշել է, թե համաձայն ՀՀ քաղ. Դատ. օրենսգրքի՝ «գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, ինչը պատասխանող կողմը չարեց», և վճռել է բավարարել հայցը։ Պատասխանողին էլ պարտավորեցրել է ապամոնտաժել (քանդել) ինքնակամ շինությունը և նրանից բռնագանձել 4.000 դրամ՝ որպես հայցվոր կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Շարունակելի։
Հ. Մանուկյան
