Դիտում ՝ 25 333
Վթարի հետևանքով հոսանքազրկվել էին Երևան քաղաքի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների ավելի քան 50,000 բաժանորդներ, որից շուրջ 40,000 բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգվել էր 24 ժամվա ընթացքում, իսկ մոտ 11,000-ինը՝ 48-52 ժամվա ընթացքում: Սպառման բեռի կտրուկ ավելացման հետևանքով լրջորեն վնասվել էին ենթակայանի բնականոն աշխատանքն ապահովող կենսական նշանակության ենթակառուցվածքներ, մի շարք սարքավորումներ, բարձր լարման բջիջներ և մալուխային գծեր։ Հրդեհը մարելուց անմիջապես հետո ենթակայանում տեղադրվել էին 6կՎ լարման թվով 23 նոր բջիջներ, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխագծերի միացումներն իրականացվել էին ժամերի ընթացքում՝ էլեկտրամատակարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու նպատակով։

Առաջացած խնդիրներին ժամանակավոր լուծում տալու նպատակով ենթակայանին կից կառուցվել է ժամանակավոր ենթակայան, որտեղ տեղադրվել է 6կՎ փակ բաշխիչ սարքավորումը (ՓԲՍ), այդ թվում՝ բջիջները: Սնուցումն ապահովող մուտքային մալուխները ևս տեղափոխվել են, իսկ ելքային մալուխների տեղափոխման աշխատանքները, որոնք ապահովում են ենթակայանից դեպի բաշխիչ ցանց էլեկտրաէներգիայի մատակակարումը, ավարտին են մոտենում։ Ժամանակավոր բջիջները ամբողջությամբ լարման տակ կդրվեն ընթացիկ ամսվա վերջին։

Էրեբունի վարչական շրջանում հզորությունների ավելացման և ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացման նպատակով ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել նոր՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան ենթակայան, որը համալրված կլինի գերժամանակակից սարքավորումներով: Նոր ենթակայանի նախագծման, ինչպես նաև անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումների գնման գործընթացն արդեն մեկնարկել է: Եվրոպական արտադրության սարքավորումները Հայաստան ներկրելուց հետո կմոնտաժվեն արտադրող կազմակերպության կողմից, մնացած շինարարական աշխատանքները կիրականացվեն ՀԷՑ-ի սեփական ռեսուրսներով:

Վարդաշենի նոր ենթակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել ամիսների ընթացքում, որից հետո գործող ժամանակավոր ենթակայանը կապամոնտաժվի՝ վերականգնելով ենթակայանի տարածքն ու ենթակառուցվածքները նախագծային լուծումներին համապատասխան: Տեղակայվող նոր փակ բաշխիչ սարքավորումների թողունակությունը 30%-ով ավելի է նախկին սարքավորումներից։