Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում այրվել է էլեկտրական ենթակայան։

Դեպքի վայր մեկնեցին ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

«Հրդեհի բարդությունից ելնելով՝ կանչի աստիճանը հաջորդաբար բարձրացվել է․ սկզբում հայտարարվել է «1-ԲԻՍ», ապա՝ 2-րդ, այնուհետև՝ 3-րդ՝ բարձր կանչ։ Ըստ հրդեհների մեկնման չվացուցակի՝ ներգրավվել են համապատասխան թվով հրշեջ-փրկարարական մեքենաներ և անձնակազմ։ Տեղում աշխատել է 11 մարտական հաշվարկ, օգտագործվել է նաև ավտոսանդուղք»,-նշում է ՓԾ Երևանի ՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը։

Հրշեջ-փրկարարների առաջնային խնդիրը հրդեհը մեկուսացնելն ու կրակի տարածումը կանխելն էր․ հարակից խոտածածկ տարածքում բուսականության բռնկումը կարող էր ընդլայնել հրդեհի ընդգրկման գոտին և բարդացնել հրդեհաշիջումը։ Կրակի դեմ պայքարը շարունակվեց մինչև ուշ երեկո։

«Հրդեհի հետևանքով այրվել է բարձր լարման ենթակայանի տրանսֆորմատորային մարտկոցը, որը պարունակում էր մոտ 30 տոննա հովացման յուղ։ Հրդեհաշիջումը բարդացնում էր ինտենսիվ այրման հետևանքով անջատվող մեծ ջերմությունը․ այն սահմանափակում էր հրշեջ-փրկարարների մոտենալու հնարավորությունը և խոչընդոտում աշխատանքների արագ իրականացմանը։

Ձեռնարկված գործողությունների շնորհիվ հաջողվել է մյուս ենթակայանը պաշտպանել կրակից։ Նկուղային և վարչական շենքի հատվածներում առաջացած հրդեհները մեկուսացվել և մարվել են։ Կանխվել է նաև կրակի տարածումը մալուխային գծերով»,- պատմել է Գարեգին Հակոբյանը։

Վտանգելով սեփական կյանքը՝ փրկարարներին հաջողվեց ժամը 20։10-ին մեկուսացնել հրդեհը։ Կրակի տարածումը կասեցնելուց հետո նրանք շարունակեցին աշխատանքները՝ հրդեհի օջախներն ամբողջությամբ մարելու ուղղությամբ։

Հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է․ նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսն առաջին բուժօգնությունն ստացել է տեղում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Շուրջ չորս ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվեցին ժամը 21։10-ին․ հրդեհը մարվել է։ Ենթակայանի մոտ սահմանվել է հերթապահություն։

Հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):

Կիսվել սոց․ ցանցերում