Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած միջադեպին՝ այդ համատեքստում հայտարարել, որ կաթողիկոսի և եկեղեցականների հանդեպ ոստիկանների դրսևորած պահվածքից հետո, որը, նրա կարծիքով, անվայել է, անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել:
Երեկ Կառավարության ղեկավարի՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ժամանակ հուշահամալիր էր այցելել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Իրավապահները արգելել էին նրան և որոշ հոգևորականների բարձրանալ դեպի հուշահամալիր, քանի որ պետական միջոցառում է ընթանալիս է եղել, իսկ Գարեգին Բ-ն դրան չի ցանկացել մասնակցել, ինչպես այլ պետական միջոցառումների, որը անցկացվում է երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ:
Անդրադառնալով այս միջադեպին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդող օրը և երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ վեհափառ հայրապետը մոտեցել է արարողակարգային միջոցառման վայր, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր։ Ոստիկանությունն էլ պարզապես փորձել է ճշտել՝ արդյոք վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով»:
Մայիսի 27-ի երեկոյան Վազգեն (Բագրատ) Գալստանյանն իր համակիրների հետ գնացել էր Սարդարապատի հուշահամալիր՝ նպատակ հետապնդելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կայցելի: Վարչապետը, սակայն, մայիսի 28-ի առավոտյան ՀՀ նախագահական նստավայրում մասնակցել էր միջոցառման, որի ժամանակ պարգևներ էր հանձնել, ապա նոր գնացել հուշահամալիր, որի ժամանակ Գալստանյանն ու վերջինիս համակիրները արդեն Երևանում էին եղել:
