«Սիրելիներ, Հանրապետության տոնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ հանուն հայրենական մեր կյանքում խաղաղության հաստատման և արժանապատիվ գոյընթացի, նպատակասլաց հանձնառությամբ և առ հայրենին սիրով ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների ու փորձությունների հաղթահարմանը և հզոր ու անվտանգ մեր պետության կերտմանը։
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը, որպեսզի միասնականության հուսառատ ու զորեղ ոգով հաստատենք մեր կյանքում ապահովություն և խաղաղություն»։ Սա հատված է Գարեգին Բ-ի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հանրապետության տոնի առթիվ հղված ուղերձից։ ՀՀ-ում արդեն մեկ ամսից ավելի տեղի ունեցող բողոքի ակցիաների, դրանց՝ հոգևոր դասի ներկայացուցիչ առաջնորդի մասին անտեղյակների համար այս ուղերձը կարող է ողջախոհության, հաշվենկատության, պետականամետ մտածողության վկայություն, սթափվելու ու համախմբվելու կոչնակ ընկալվել։ Իսկ այ նրանք, ովքեր իրազեկ են Բագրատ արք․Գալստանյանի առաջնորդած շարժմանն ու հավաստիացված, որ այդ միջոցառումը տեղի է ունենում ուղերձի հեղինակի գիտությամբ ու օրհնությամբ, առնվազն կտարակուսեն ու երևի թե երեսպաշտության մեջ կմեղադրեն ուղերձի հեղինակին։ Ինչու՞, քանի որ այդ նա է և, փաստորեն, նրա գիտությամբ գործող հոգևորականներն են, որ բողոքի ակցիաներ նախաձեռնելով սահմանազատման գործընթացի դեմ՝ փորձում են կանխարգելել «խաղաղության հաստատման» և «արժանապատիվ գոյընթացի» երաշխավորմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը։ Այդ նույն սուբյեկտների առաջնորդությամբ տեղի ունեցող ակցիաների նպատակն է մեզ պատուհասած աղետների հաղթահարման, հզոր, անվտանգ պետության կերտման տորպեդահարումը՝ «նպատակասլաց հանձնառությամբ»։
Այդ նույն՝ քաղաքականություն մտածը Աստծո տան սպասավորն է, որ անտարբերության է մատնել հոգևորականի վարքականոնը՝ զբաղվելով միասնականության վիժեցմամբ, թշնամության ու ատելության մթնոլորտի փարատման փոխարեն՝ դրա գեներացմամբ։ Մեկը, որ «հուսառատ ու զորեղ ոգով» նպատակադրվել է «ապահովության և խաղաղության հաստատման» դեմ պայքարել «ոգին հաղթելու է դուխին»-ով։
Վեհափառ Հայրապետի խոսքն ու գործը, մասնավորապես այն գործը, որը վերջինս անում է ձեռամբ Բագրատ Գալստանյանի, մեզ հուշում են՝ հովվապետը յուրատեսակ խաղ է խաղում իր հավատավոր հոտի հետ, ընդ որում՝ դետեկտիվ մոտիվներով խաղ, որը հանրությանը հայտնի է «Մաֆիա» անունով։ Այս խաղում, ինչպես գիտենք, մասնակիցները բաժանվում են երկու թիմերի` «սևերի» և «կարմիրների»: «Սևերին» պայմանականորեն անվանում են՝ «Մաֆիա», իսկ «կարմիրներին»` քաղաքացիներ: «Մաֆիայի» ղեկավարը «Դոնն» է, իսկ քաղաքացիներինը` «Շերիֆը»: Կա մի նրբություն: Խաղի մեջ «սևերն» իրար ճանաչում են, իսկ «կարմիրները» չգիտեն` ով ով է: Բայց «կարմիրները» միշտ ավելի շատ են, քան «սևերը»: Խաղն ավարտվում է այն պահին, երբ «կարմիրների» և «սևերի» քանակը հավասարվում է: Իսկ հիմա ուշադրություն` խաղացողները հեռացվում են կամ «ցերեկը» քվեարկությամբ, կամ «գիշերը «սևերը» նախօրոք պայմանավորվածության համաձայն» հերթով «կրակում» և հեռացնում են «կարմիրներին»: Իհարկե, որոշ դեպքերում, «կարմիրներին» մոլորեցնելու նպատակով, «սևերը» գիշերվա ընթացքում» կարող են նաև զոհաբերել իրենց թիմակիցներից որևէ մեկին: Խաղի հիմքում ընկած են տրամաբանությունն ու հոգեբանությունը, և ամենակարևորը՝ «սև» խաղացողների՝ խաղընկերներին մոլորեցնելու, խաբելու, շեղելու ունակությունը՝ ամեն կերպ փորձելով ապացուցել, որ իրենք «սև» չեն։
Ի պաշտոնե սև վեղար կրող Գարեգին Բ-ն էլ, այսօր փողոցներում ծավալվող խաղի ընթացքում, մեր տպավորությամբ, ցուցաբերում է «սև» խաղացողի («Դոնի») վարքագիծ՝ իր հանրային խոսույթում, ուղերձներում ու հայտարարություններում ամեն կերպ փորձում է ապացուցել, որ «սև» չէ և մտադրությունն ամենևին էլ «կարմիներին» և մասնավորապես «Շերիֆին» «կրակելով» արանքից հանելը չէ, այլ՝ հաշտությունն ու խաղաղությունը։
Բայց, ափսոս, որ խաղացողի «սև» լինելը մատնում է աղաղակող մի «հանցանշան»՝ վերջինիս «հայրական հորդորը» ՀՀ կառավարության ղեկավարի հրաժարականի պահանջի մասին, այդ պահանջի «ժամանակով չսահմանափակվելու», այսինքն՝ այսօր էլ ակտուալ լինելու մասին։
Խաղը խաղ, բայց իրական կյանքը կամ գոյընթացը պարտադրում է իր կանոնները՝ մեծամասնության կամքի հաղթանակը լուսանցքում հայտնված փոքրամասնության, մարգինալների անհամարժեք հավակնությունների, այսրոպեական կամակորությունների նկատմամբ, որի մարմնացումը «սրբազան» կոչվող ավանտյուրան է։
Ամեն խաղ, «Մաֆիա»-ն նույնպես, ինչպես գիտենք, անկախ մասնակիցների հմուտ խաղացող լինելուց և տևողությունից, ավարտվելու հատկություն ունի։ Սովորաբար կողմերից մեկի հաղթանակով։
Հ․Մանուկյան
Աղբյուրը՝
