Ու թող ասեն՝ խենթ է, սգալ չգիտի, սևի փոխարեն սպիտակ է հագնում, լացի փոխարեն ծիծաղում է, մեկ է, ապրելու եմ. զпհվածի մայր

Զոհված զինծառայողի մայր Արսինե Սահակյանը, որը մասնակցել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» խորագիրը  կրող բարեգործական միջոցառմանը, անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին:

«Ու թող շատերին տարօրինակ թվա, և թող խոսեն ու բամբասեն, թող հոխորտան ու հայհոյեն, մեկ է, չեն սպանի ինձ։

Մեկ է, չեն կարող գլխատել այն ԿՅԱՆՔԻՆ, որն ապրում է իմ մեջ, որովհետև հիմա այդ կյանքը ուրիշ է, ավելի ուժեղ է, ավելի զորեղ է, ավելի հպարտ է, քանզի որդուս պարգևն է։

Ու թող ինձ ասեն՝ խենթ է, սգալ չգիտի, սևի փոխարեն սպիտակ է հագնում, լացի փոխարեն ծիծաղում է, մեկ է, ապրելու եմ։

Հիմա ավելին պիտի ապրեմ ու ապրելով կյանքեր փոխեմ, որ հողն էլ ոտքերիս տակ երբեք չզգա ծանրությունս։

Ու թող Աստված օրհնի և իմաստություն տա բոլոր նրանց, ովքեր կքննադատեն ինձ և ինձ պես մայրերին։

Ցավ եմ ապրում հոգով աղքատների համար։ Իսկ հոգով աղքատ լինելն էլ ավելի մեղք է։ Շնորհակալ եմ ընկերներիս, շնորհակալ եմ Աստծուն, որ Ձեզ ունեմ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է որդեկորույս ծնողը:

«Մութ սենյակում Սև կատու փնտրելու» ձեր բոլոր փորձերը ձախողվելու են»,- գրել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միջոցառումը ծրագրված է եղել 5-6 ամիս առաջ և դրա առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում և առհասարակ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:

«Առանցքային նպատակներից մեկը եղել է՝ պատերազմում զոհված զինվորների մայրերին ամոքելու, սփոփելու, նրանց կողքին լինելու, փորձելու օգնել նրանց, որպեսզի սևը չլինի գերիշխող»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում