Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և շնորհավորել նշանակման ու կարևոր հանձնառության ստանձնման առթիվ: ԿԳՄՍ նախարարը շնորհակալության է հայտնել ՄԱԿ-ի հետ տարբեր ուղղություններով երկարամյա համագործակցության համար և համոզմունք հայտնել՝ Ֆղանսուազ Ժակոբի նշանակմամբ արդյունավետ ծրագրերն առավել ակտիվ ընթացք կստանան: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և կառույցների միջոցով ստացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգի հետևողական աջակցությունը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը՝ Հայաստանում Կայուն դպրոցական սնունդ ծրագրի իրականացման նպատակով: «Այս համատեղ գործակցությունը տարբեր հարթակներում ներկայացվում է որպես հաջողված  փորձերից մեկն առ այն, թե ինչպես կարելի է սկսել գործընկերությունը, այնուհետև այն ամբողջությամբ փոխանցել պետությանը: Կարևոր է նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ վաղ մանկության զարգացման և հանրակրթության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ առանձնացնելով համագործակցությունը հատկապես ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի մշակման և իրականացման գործընթացում: Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում նախարարը կարևորել է նաև կրթություն-աշխատաշուկա կապին նվիրված «Edu2Work» էլեկտրոնային հարթակի ստեղծումն ու դրա փոխանցումը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանը ՄԱԿ-ի կարևոր գործընկերներից է, և հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կազմակերպության առաջնահերթություններից է: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ տարատեսակ վերապատրաստումների, փոխանակման ծրագրերի իրականացման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որի շուրջ աշխատանքները շուրջ 3 տարի են տևել: «Ընդունել ենք բոլորովին նոր օրենք, որը հնարավորություն է տալիս էապես փոխել մասնագիտական կրթության որակը մեր երկրում՝ հիմնվելով դուալ կրթության և աշխատանքի վրա հիմնված ուսուցման վրա: Սա մեզ համար ռազմավարական ուղղություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:   Կողմերը քննարկել են նաև մշակութային ժառանգության պահպանության, սպորտի և երիտասարդության ուղղություններով համագործակցության առկա իրավիճակն ու ընդգծել դրա զարգացման մեծ ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով այն առավել խորացնելու:

Կիսվել սոց․ ցանցերում