«Խաղաղության խաչմերուկ» նախագծում շատ կարևոր ուղղություններ են Հայաստանի հասանելիությունը դեպի Հնդկաստան և Ծոցի երկրներ։
Այս մասին ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
«Սա վերաբերվում է նաև Հայաստանի Հանրապետության նպատակաուղղվածությունը դիվերսիֆիկացնելու մեր արտահանման շուկաները, որը նաև պետք է ընդգծել ԵԱՏՄ համատեքստում և դեպի Կենտրոնական Ասիա Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցության էլ ավելի սահուն ապահովման առումով»,- նշել է Կոստանյանը։
Ինչ վերաբերվում է Չաբահար նավահանգստի ինտեգրման նախագծին՝ Կոստանյանը տեղեկացրել է, որ այս պահին գործնական փուլ են մտել և վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է էկոնոմիկայի նախարարը։
«Քաղաքական առումով արտաքին գործերի նախարարությունը չափազանց կարևորում է այս նախագծին Հայաստանի Հանրապետության ներգրավումը։ Կլինի առանձին մաքսային կայան Չաբահարում, թե պետք է օգտվել հնդկական արդեն իսկ գործողից՝ այս մասով քննարկումներ են ընթանում և որոշակի ուսումնասիրություններ են տեղի ունենում և վերջանական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,- ասել է Կոստանյանը։
