ՀՀ-ում 7 տարեկան երեխաներից ամեն 4-րդը ավելցուկային քաշ ունի։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
«Պետք է սովորեցնենք, թե առողջ ափսեն ինչ տեսք ունի, զերծ պահենք վնասակար ուտելիքներից։ Ինչքան էլ իրազեկման արշավներ անենք, վտանգավոր ապրանքների գները բարձրացնենք, միևնույն է, առանց կրթության չի ստացվի։ Մեր երեխաներին պետք է կրթենք ու առանց այդ չափորոշիչների չենք կարող արդյունքներ ունենալ»,- ասաց նա։
Վարչապետը, արձագանքելով փոխնախարարին, նշեց․ «Կպարզվի, որ ՀՀ-ում ամեն 4-րդ երեխան չունի խաղահրապարակ, իր դպրոցում չկա մարզադահլիճ, մարզադահլիճը չունի կահույք, ամեն 4-րդ երեխան կյանքում լողավազան չի տեսել։ Մարզերում երեխաները ամառը լողանալու համար լեռնային ճանապարհներով 8 կմ կտրում են, որ լողալու ջրին հասանելիություն ունենան։ Մենք չենք լուծել այս խնդիրները, ուզում ենք գլոբալ խնդիրները լուծենք»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ բոլոր գյուղերում պետք է հնարավորություն լինի ինչ-որ սպորտով զբաղվելու․ «Դրա համար է, որ ասում ենք՝ օլիմպիական չեմպիոնի անունով մարզադպրոց բացենք ու երեխային մոտիվացնենք։ Այս խնդիրները երբեք լրատվականների վերնագրերի մեջ չեն հայտնվում»։
