«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ առաջարկվում է շուտափույթ հանրաքվե կազմակերպել՝ կապված Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցության հետ:
«Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից և ներհայաստանյան անհրաժեշտությունից՝ ժողովրդավարական ուժերի հարթակը՝ ի դեմս Հայաստանի Եվրոպական կուսակցության, «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսակցության, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության, առաջարկում է առաջիկա 3-4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով»,- ասվում է Սարգսյանի տարածած հայտարարության մեջ:
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահը Տիգրան Խզմալյանն է, «Հանրապետություն» կուսակցության նախագահը՝ Արամ Սարգսյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահը՝ Արման Բաբաջանյանը, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահը՝ Լևոն Շիրինյանը:
