ԼՂ-ից բռ նի տեղшհանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկում է. երբվանից կարելի է դիմել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մտնում է գործնական փուլ, հունիսի 15-ից արդեն կարելի է առցանց դիմումներ ուղարկել:

Կառավարությունը այսօրվա՝  հունիսի 14-ի նիստում, հաստատել է պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:

Մայիսի 16-ին գործադիրը հաստատել էր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը: Կարգի հաստատման պարագայում հունիսի 15-ից արդեն հնարավորություն է տրվում ընդունել դիմումները՝ բացառապես առցանց եղանակով:

Բնակարանի ձեռքբերման համար հավաստագիրը ևս ուղարկվելու է էլեկտրոնային եղանակով, կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով կարող են մոտենալ բանկ և սկսել գործընթացը: Մինչ այդ, իհարկե, քաղաքացիները պետք է ընտրեն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի պետության աջակցության չափին և պայմաններին:

«Վաղվանից կընդունվեն դիմումներն այն դեպքերի համար, երբ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն: Հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը: Օգոստոսի 1-ից արդեն կկարողանանք դիմումներ ընդունել այն ընտանիքներից, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, նրանք աջակցություն ստանալու համար կկարողանան դիմել օգոստոսի 1-ից»,–ասել է Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ որոշմամբ որոշակի սոցիալական խմբերի էին թիրախավորել: Հիմա խոսքն առաջին հերթին վերաբերում է այն ընտանիքներին, որոնք այդ սոցիալական խմբերի մեջ են:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի վերաբերյալ մարդկանց իրազեկվածության բարձրացումը:

«Սրանով մենք, ըստ էության, արձանագրում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, այսինքն՝ մտնում է գործնական փուլ: Որոշման շատ կարևոր և անբաժանելի մաս է, որ այս ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմեն այն անձինք, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն, այսինքն՝ այս ընթացքում դիմել ու ստացել են ՀՀ քաղաքացիություն»,–ասել է վարչապետը՝ սա համարելով ճիշտ մոտեցումև նշելով, որ նախագիծն ահռելի մեծ ծավալի է, ցավոք, հնարավոր չէ հարցը 1-2 ամսում լուծել, երկարաժամկետ նախագիծ է:

«Սա ուղղակի տուն կառուցելու նախագիծ չէ, զուգահեռ պետք է փորձենք աջակցել, որ մարդիկ իրենց կյանքը պլանավորեն: Տունը եղավ, իսկ մարդը որտե՞ղ է աշխատելու, գործունեության ի՞նչ տեսակով է զբաղվելու»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ բոլոր հարցերով ևս ծրագրեր ունեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:

Կիսվել սոց․ ցանցերում