Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 8 տուժած դեռ հոսպիտալացված է։
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այն քաղաքացին, որի երեք մատները հեռացրել են, վիրահատությունից հետո վիճակը գնահատվում է բավարար։ Վիրահատությունը անցել է բարեհաջող, նա ստանում է համապատասխան բուժօգնությունը։ Մյուսները առաջիկայում դուրս կգրվեն»,- ասաց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերջինս գնահատում ոստիկանների կողմից այդ օրը իրականացրած գործողությունները, որի հետևանքով տուժածներից մեկն իբր գլխուղեղի ցնցման է ենթարկվել, նախարարը նկատեց․ «Գլուխը ջարդած հիվանդ մենք չունենք»։
Նրա խոսքով՝ իր օրակարգում կա նաև տեսակցել հոսպիտալացված անձանց, հարցին՝ ի՞նչպես քաղաքացիները կընդունեն նախարարին, Ավանեսյանը պատասխանեց․ «Երեք տարիների ընթացքում ինձ միշտ լավ են ընդունել բոլորը»։
Նախարարը ընդգծեց, որ այդ օրը ոստիկանությունը գործել է իրավաչափ ու պաշտպանել է հասարակական կարգը։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:
Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ: Գործողությունների հետևանքով տուժել են 100-ից ավելի անձինք, որոնցից 18-ը՝ ոստիկան:
