Հեղեղումների հետևանքով Լոռիում վնասված երկաթուղու վերականգնման աշխատանքները բավականին լավ տեմպով են գնում, հնարավոր է՝ շահագործումը լինի նախատեսվածից ավելի վաղ:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները բավական լավ տեմպով են գնում: Հնարավոր է՝ ավելի վաղ կարողանանք սկսել շահագործել, քան մտածում էինք: Հունիսի 5-ից երկաթուղին աշխատում էր մինչև Այրում կայարան, բայց առաջիկա օրերին արդեն նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի ամբողջությամբ օգտագործենք, իհարկե, որոշ սահմանափակումներով»,- ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է հեղեղումների հետևանքով վնասված և փլուզված կամուրջների վերականգնմանը, ըստ Սանոսյանի, այս հարցով աշխատում են տարբեր երկրների գործընկերների հետ։
«Ունենք գործուղված գործընկերներ, որոնք հիմա դիտարկում են որոշ կամուրջներ, նաև տեղում առկա հնարավորություններն ենք դիտարկում, մեզ համար հատկապես չափազանց կարևոր է Ախթալայում գտնել տարբերակ, որ բեռնատարները նույնպես անցնեն: Ժամանակավոր կամուրջը հիմա մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում: Երեկ որոշակի քննարկում ենք ունեցել, թե ինչպես անենք, որ բոլոր տեսակի մեքենաներն անցնեն, որ հանքավայրի հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ բնականոն հունի մեջ մտնեն»,- նշել է Սանոսյանը:
