«Ստեղծելով նոր հնարավորություններ հասարակության համար, ստեղծում ենք կայուն ապագա»․ հենց այս ռազմավարությամբ «Ապագա» բարեգործական հիմնադրամը 2018 թվականից շարունակում է մնալ ոլորտում։
7 տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է տարբեր ծրագրեր, որոնց հիմնական նպատակը եղել է մարդկանց զբաղվածությամբ ապահովելը։ Հիմա ավելի հիմնարար բազա ունենալու համար հիմնադրամն ներդրումների միջոցով իրականացնում է կրթական ծրագրեր և աջակցություն տրամադրում ուսանողներին։ Այժմ «Ապագայի ուսանողներ» խորագրով միջոցառմամբ նպատակ կա բարձրաձայնել «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի մասին։
Ծրագիրն արդեն երկրորդ տարին է, որ կայանում է։ «Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը մանրամասնում է՝ ուսանողներին տրամադրվելու է 80 տոկոս վարձավճարի փոխհատուցում, մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավարություն, ինչպես նաև կազմակերպվելու է ֆորմալ դասընթացներ։ Կուրսը հաջողությամբ անցած ուսանողներին տրամադրվելու է կայուն աշխատանք։
«Անցյալ տարի ծրագիրը իրականացրել ենք պիլոտային եղանակով, մասնակցել էր 10 ուսանող, որոնք ավարտում էին 3-րդ կուսրն ու սկսում 4-րդը։ Նրանք արդեն հիմնական աշխատանք ունեն։ Այժմ ունենք 20 մասնագիտական ուղղություն, և մինչև 50 ուսանողի պատրաստ ենք օգնել։ Կարող են դիմել պետական հավատարմագրված բոլոր համալսարաններից առկա և հեռակա սովորող ուսանողները։ Եթե Երևանում են ապրում, կարող են դիմել նաև մարզերի ուսանողները։ Աշխատում ենք գործատուների հետ և հասկանում, թե որ մասնգետի կարիքն ունեն»,- ասում է նա։
Լոգոպեդ, ճարտարագետ, կառավարիչ․ այս տարի ծրագիրը անցկացվելու է տարբեր ուղղություններով։ Հայտադիմումները ընդունվելու են հունիսի 25-ը ներառյալ․ «Սկզբնականում ֆիլտրում ենք մոգի արդյունքները, հետո ուսանողներն անցնելու են թեստավորում, անգլերեն, տրամաբանություն, աշխատանքային մոտիվացի, որից հետո ընտրվում են։ Ամբողջ տարվա վճարի փոխհատուցում ենք տալիս, բայց ծրագիրը տևում է հինգ ամիս՝ սեպտեմբերից մինչև հունվարի վերջ։ Նպատակը մրցունակ մասնագետ ունենալն է, որոնք կարող են իրենց մասնագիտությամբ աշխատանք ձեռք բերել։ Այսինքն՝ մենք համարում ենք, որ բազային ներդրման կարիք կա ծրագրերը կրթական ոլորտում իրականացնելու համար»։
Ըստ Սոլոմոնյանի՝ ծրագրում 3-4-րդ կուրսի ուսանողների ընտրությունը պատահակ չէ, քանի որ ընդունվելով աշխատանքի նրանք արդեն ունեն բազային գիտելիք, ուստի կկարողանան մրցունակ լինել այն կազմակերպությունների ներսում, որտեղ աշխատելու են։
Այս տարի ծրագրի հովանավորները ևս շատ ավելին են։ Սոցիալական պատասխանատվության շրջանակներում կրթական ծրագրին որոշել է միանալ նաև «Ֆիլիպ Մորիս» ինթերնեյշնլ ընկերությունը։
