Ինչ ասես՝ դուրս է գալիս. էլ խալադելնիկ, էլ գազի պլիտա, էնպիսի բաներ են նետում, որ աբսուրդ է։
Գյումրու հիմնախնդիրներից, եթե անօթևանության վերջը գրեթե երևում է, ապա գետակը մարդկանցից «ազատագրելու» հարցը չի կարգավորվում. անկախ իրականացվող մաքրման աշխատանքներից, այն տարին բոլոր աղբառատ է։
Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Ոսկանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ գրեթե ամենօրյա աշխատանք է արվում, մարդիկ, սակայն, չեն հետևում գետակը աղբ չլցնելու հորդորներին։
Գետակի մի հատվածը Գյումրու գլխավոր կամրջի տակով է հոսում, որի մի կողմում բնակելի տներն են, մյուսում՝ հողային պատնեշն ու ծառերը։ Հատկապես խնդրահարույց են Սուրբ Նշան եկեղեցու հետնամասի, ավտոկայանի տնակային ավանին հարակից և Սլաբոտկա թաղամասի հատվածները։
«Քաղաքացիներին բազմիցս հորդորել ենք, գնացել, հետները խոսել, բացատրել ենք։ Մաքրման աշխատանք կատարելուց իրենք էլ հավաքում են, անձամբ ինքս էլ եմ եղել էդ հատվածներում։ Սլաբոտկայում մի տատիկ կա, ալարում է՝ 10 մետր քայլի, աղբը նետի։ Ամեն անգամ զգուշացնում են, որ գետակը չնետի, անհնար է։ Տուգանելու մեխանիզմն էլ չի լինի, տատիկի թոշակը 30 հազար դրամ է, որ տուգանենք, 50-100 հազար ենք տուգանելու, մի քիչ մարդկայնորեն էլ ճիշտ չէ, դրա համար պարբերաբար մարդ ենք ուղարկում Սլաբոտկայի էդ հատվածը, մաքրում են»,- ասում է Ոսկանյանը։
Գյումրի գետակում մաքրման աշխատանքներն իրականացվում են այնքանով, որքանով թույլ են տալիս առկա հնարավորությունները։ Գետակի երկայնքով, անգամ որոշ հատվածներում՝ հենց գետակի վրա, 88-ի աղետից հետո հատկապես հիմնական կառուցապատումներ են իրականացվել, ամբողջական բնակելի թաղամասեր ու շինություններ կան, որոնցով պայմանավորված՝ տեխնիկայի օգնությամբ մաքրումը գրեթե անհնար է դառնում։ Այդ հատվածները մեծ մասամբ մաքրվում են ձեռքով։
«Օրինակ՝ ձորի թաղում տները կառուցված են գետակին հարակից, այսինքն՝ էնտեղ մենք ընդհանրապես հնարավորություն չունենք տեխնիկա մտցնելու, որ մոտենա գետակին, մաքրման աշխատանք կատարի, շատ կան նման հատվածներ»,- պարզաբանում է պատասխանատուն։
Ոսկանյանն ասում է՝ ստեղծված իրավիճակում տեսականորեն Գյումրի գետակը լիարժեք մաքրելու միայն մի հնարավորություն կա. սարդ կոչվող սարքի օգնությամբ է դա արվելու, սակայն այս հարցում էլ խնդիրներն անպակաս են. գետակը որոշ հատվածներում այնքան է նեղացած, որ այդ նպատակի համար նախատեսված տեխնիկան անհնար կլինի կիրառել։
Գյումրի գետակ է թափվում քաղաքի ամբողջ կոյուղատար համակարգի պարունակությունը, բայց եթե դրան չգումարվի կենցաղային ու շինարարական աղբը, փչացած տեխնիկան, հին հագուստ-կապուստը, անգամ՝ բարձ, վերմակ ու ներքնակները, գետակը բնական ճանապարհով էլ ինքնամաքրվելու հնարավորություն կունենար։
«Էդ աղբը իրենք են նետում: Բնությունն ինքն իրենով մաքրման աշխատանք անում է. ջուրը բարձրանում, մաքրում տանում է ափերին եղածը, բայց բնակիչներն էնքան աղբ են լցնում, որ անհնար է՝ ջուրը քշի, մաքրի»,- նկատում է Ոսկանյանը։
Խնդրահարույց տարածքների բնակիչները մեզ հետ զրույցում վստահեցնում են, թե իրենք կապ չունեն. աղբը աղբաման են հասցնում։ Սակայն գետակի մեջ սուզվելու կարիք չկա՝ տեսնելու համար, որ հենց նրանց բնակարանների հարակից հատվածներում կենցաղային աղբ է կուտակված, ինչը, վստահաբար, Գյումրու այլ թաղամասերում ապրողները չեն հասցրել քաղաքի կենտրոնական հատվածներ, որ հատուկ գետի մեջ նետեն։
Աղբից բացի՝ այլ խնդիր էլ կա։ Գետակի որոշ հատվածներ, որոնք այս կամ այն կերպ ծածկված են, վթարավտանգ են։ Դրանք ամեն պահի կարող ինքնափլուզվել, արտակարգ, նաև դժբախտ պատահարի պատճառ դառնալ։ Հատկապես Սուրբ Նշան եկեղեցու հարակից տարածքն է խիստ վտանգավոր։ Խնդիրը տարիների պատմություն ունի՝ հիմնական լուծման զրո տարբերակով։
Տարածքի բնակիչները զգուշանում են, հնարավորության սահմաններում էլ քաղաքի հյուրերին ու զբոսաշրջիկներին բացատրում, որ կարող են կանգնած տեղից գետն ընկնել, խառնվել կոյուղաջրերին, հոսել աղբի հետ, կամ առնետների բաժին դառնալ։
Այսինքն 2018-ին արված «Ք…ոտ չայը պահպանվում է Գյումրու քաղաքապետարանի կողմից» կոչ-գրառումը դեռ արդիական է։
Խնդրի կարգավորման նոր տարբերակ է քննարկվում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի՝ Գյումրի գետակի վերականգնման խնդիրների ռազմավարական մոտեցումների մշակման աշխատանքային խմբի հետ:
Գյումրի գետակի վերականգնման ռազմավարություն է մշակվում։
«Բազմաթիվ նիստեր ու ժողովներ են եղել։ Փորձում են ծրագրի միջոցով Գյումրի գետակում հիմնական, վերջնական մաքրման աշխատանք անել։ Հետազոտման աշխատանքներն այժմ իրականացնում են տարբեր բաժիններ: Նաև նպատակ կա կոյուղատար խողովակները դուրս բերել գետակից և միացնել մի ինչ-որ կենտրոնական խողովակի։ Սա ծրագրի հիմնական նպատակներից մեկն է»,- ասում է Արտավազդ Ոսկանյանը։
Գետակի խնդիրների գույքագրման աշխատանքներն իրականացնելու նպատակով համայնքապետարանը, մասնագետներից բացի, նաև հրավիրել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, երիտասարդներին, ինչպես նաև շահագրգիռ բոլոր անձանց՝ աշխատանքներում որպես կամավորներ ներգրավվելու համար:
