Մարի Պետրոսյանը, որը բողոք-ահազանգով դիմել է Lragrogh.com-ի խմբագրություն, Երեւանի Պուշկինի փողոցի 40 շենքի բն. 21-ի սեփականատիրոջ լիազորված անձն է:
«Դա իմ քրոջ փեսայի տունն է, որտեղ ապրում է քրոջս դստեր փեսայի 92-ամյա տատիկը: Նախկին աղբատարները, որոնք մեր բնակարանի դիմացն էին, քանդել են, կողքի հարեւանը` Սմբատ Հովհաննիսյանը, ապրիլ 3-ից այդտեղ շինարարություն սկսեց: Երբ հետաքրքրվեցինք, ասաց, որ պահոց է կառուցում: Երբ անցավ մի քանի օր, ես պարզեցի, որ շենքի բնակիչները չեն ստորագրել: Գնացի համատիրության նախագահի` Արա Միքայելյանի մոտ, ասաց, որ թույլ չեն տվել, իբր ոչնչից տեղյակ չէ, հենց նոր է լսել այդ մասին: Այդ նույն մարդիկ առաջին հարկում աղբատարի փոխարեն պահոց էին կառուցել: Անցավ հինգ օր, տեսանք, որ շարունակում է պահոցի կառուցումը: Անցավ եւս մի քանի օր, տեսանք, որ Սմբատն իր որդու` Սուրենի հետ շենքում ստորագրահավաք է կազմակերպել, թե արդյոք բնակիչները համաձա?յն են, որ այդ պահոցը բաժանվի մեր եւ իրենց միջեւ: Բանավոր այդպես են ներկայացնում, շենքի բնակիչներն էլ ասում են` այո: Երբ ես իմացա, որ նման բան կա, տեղեկացրեցի, որ շենքի բնակիչները խաբվել են առաջին հարկի պահոցի հարցում. իրականում նա , ըստ փաստաթղթի, պահոցը բաժանում էր հաջորդ հարկի բնակչի`Լենայի հետ, որը երկու տարի է, ինչ ԱՄՆ-ում է գտնվում: Մի խոսքով` դիմումներ եմ գրում թաղապետարան, Երեւանի քաղաքապետարան, քանի անգամ զանգում եմ թեժ գծերով, է’լ տեսչական մարմին, է’լ քաղաքաշինության կոմիտե, է’լ տարածքային կառավարման մարմին, բացարձակ` ապարդյուն, մեկը մյուսի վրա է գցում: Հետո քաղաքապետի մոտ ընդունելություն խնդրեցի, այդ ժամանակ էլ կայքում տեսա, որ համատիրության նախագահ Արա Միքայելյանը Հովհաննիսյան Սմբատի հավաքած կեղծ ստորագրություններն է ուղարկել թաղապետարանին, որում նշել է, որ ինքը դեմ չէ, որ պահոցը բաժանվի Սուրենի եւ Լենայի միջեւ, այն դեպքում, երբ Լենան Հայաստանում չէ: Ես էլ գնացի, իրեն տեղեկացրեցի, որ նույն քանակի ստորագրություններ եմ հավաքել, որ այդ մարդկանց խաբել են, իրենք տեղյակ չեն եղել: Եվ իմ բողոքին էլ դեռ պատասխան չէին տվել, բայց թաղապետարանին դրական պատասխան են ուղարկել: Մի խոսքով` ես հասկացա, որ այդ երեք կառույցները` քաղաքապետարան, թաղապետարան, համատիրություն, նույնն են, իմաստ չունի նրանց դիմել: Թաղապետի` պարոն Պետոյանի մոտ ընդունելության մտա, նայեց նկարներին, հարցրեց, թե դա բունկե?ր է: Երբ ես թաղապետի մոտ ընդունելության էի, Միքայելյանն իմանում է այդ մասին, կառույցի դուռը հանել է տալիս իր աշխատակիցներին, հետո թաղապետին ասում է, որ այդ հարցը լուծված է: Ես էլ հակադարձեցի, թե ինչ հարց է լուծել, իր իրավասության սահմաններում չէ, որ դուռը հանել տա: Թաղապետին ասում եմ, որ ինչպես հարեւանս ապօրինի կառուցում է, ես էլ մարդ եմ բերելու, որ քանդի, ինչ-որ մեկը կարո?ղ է բան ասել: Թաղապետն էլ ասում է, որ բախում կլինի երկու հարեւանների միջեւ: 92 տարեկան տատիկն էլ, ինչպես սովոր էր, աղբը տանում, նույն ձեւով թափում է, հարեւանները բողոքում են, որ մուտքը կեղտոտում է: Ես զանգել եմ սանէպիդկայան, որ գան հարցը լուծեն: Այդպիսի կառույց չկա, որին դիմած չլինեմ: Ի?նչ է նշանակում, որ քաղաքապետարանն ասում է, թե դա իր իրավասության ներքո չէ, ո?ւմ դիմեմ»,- հարցնում է տուժած քաղաքացին:
Lragrogh.com-ը հարցում ուղարկեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին եւ Երեւանի քաղաքապետարան:
Պետրոս Պետոյանը պատասխանել է Մարի Պետրոսյանին, որը ներկայացնում ենք ստորեւ. <Ի պատասխան 10.06.2024թ. թիվ Դ-73975-24 առցանց դիմումի` տեղեկացվում է, որ համաձայն 2002թ. մայիսի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության <Բազմաբնակարան շենքի կառավարման մասին> օրենքի 6-րդ հոդվածի` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաեւ մեկից ավելի շինություններ սպասարկող եւ բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային եւ այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական եւ այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն, իսկ 11-րդ հոդվածի համաձայն` ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է (այսուհետ` ժողով), որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքի համաձայն`համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` տեղեկացվում է, որ Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոց թիվ 40 շենքի ընդհանուր օգտագործման տարածքների` այդ թվում աղբատար հատվածի հետ առաջացած խնդիրն ենթակա է կարգավորման ժողովի կողմից>:
Թագուհի Հակոբյան

