Շահրամանյանի մեքենան կնիքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու գործընթաց. Աբրահամյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ իրավապահները կոտրել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության դարպասը և առգրավել Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան: Դարպասը կոտրել են, քանի որ անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել մտնել ներս:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քննչական կոմիտեից հայտնել են, որ դեռևս 2024 թ․ փետրվարին թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով կոմիտեում հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու, համապատասխան քննչական գործողություններ կատարելու նպատակով քննիչը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում է կայացրել։

Ըստ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի՝ ավտոմեքենան կնիքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է այն հատուկ պահպանվող տարածք տեղափոխելն ապահովելու գործընթաց։

Հիշեցնենք՝ հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն առգրավել էր սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղին պատկանող ավտոմեքենան։ Դա սեփականության իրավունքով ԼՂ-ի նախկին նախագահի թիկնազորին պատկանող ավտոմեքենան է, որը վարում է Աշոտ Դանիելյանը։

«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ մեքենան առգրավելու որոշումը կայացվել էր հենց Աշոտ Դանիելյանին վերաբերող գործի շրջանակներում:

Դեռևս 2024թ․ փետրվարին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի (Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի ձեռք բերելը) և 396-րդ հոդվածի 1-ի մասի (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը) հատկանիշներով հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով քննիչի կողմից կայացվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում։

Կիսվել սոց․ ցանցերում