Կրկեսի նոր շենքի շինարարությունը, ասես, մեկ դար է, ինչ ընթացքի մեջ է։ Ավելի ստույգ՝ շուրջ 10 տարի է՝ Երևանն առանց կրկեսի է։
Այս տարիների ընթացքում տարբեր ժամկետներ են ասվել՝ շենքը շահագործման հանձնելու համար: Այս պահին էլ այնտեղ դեռ աշխատանքներ են ընթանում:
Կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցնում է, որ երեխաների համար ամենասիրելի վայրերից մեկը՝ կրկեսը, իր դռները կբացի 2025 թվականի մայիսին:
Շենքի արտաքին տեսքն արդեն ամբողջովին պատրաստ է, ինչը տեսանելի է բոլորի համար: Իսկ ի՞նչ է կատարվում ներսում. տեսնելու համար այցելել ենք այնտեղ:
Մեր այցելության ժամանակ շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Ավտոկայանատեղիով, բազմաթիվ սենյակներով և որակյալ սարքավորումներով հագեցած, տարածաշրջանում նմանը չունեցող նոր կրկես են խոստանում պատասխանատուները։
«Ճիշտ է, ժամանակն անցել է, որովհետև ունեցել ենք պատճառներ, բայց պետք է շեշտեմ, որ մենք քաղաքական և ֆինանսական խնդիրներ չունենք։ Ամեն ինչ արվում է՝ կրկեսը շատ արագ բացելու համար, ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու։ 250 աշխատողն ամենօրյա ռեժիմով աշխատում է, նույնիսկ՝ երկու հերթափոխով»,- մեզ հետ զրույցում վստահեցնում է տնօրենը:
Վերջինս հայտնում է, որ այժմ սկսվել են շենքի կահավորման աշխատանքները. «Ամբողջ անձնակազմը քրտնաջան աշխատում է, որովհետև պայմանագրեր ունենք։ Ցանկանում ենք ունենալ այնպիսի կրկես, որը կծառայի հանրապետությանը, ժողովրդին և դրա համար փորձում ենք ամենակարճ ժամանակահատվածում բացել այն»։
Նա նաև վստահեցնում է, որ կրկեսի անձնակազմը ևս շարունակում է աշխատել՝ հավելելով՝ կադրային «ջարդեր» չեն ունեցել։ Կրկեսի նոր շենքը պատրաստ լինելուն պես էլ անձնակազմը համալրվելու է։
Փակագծերը շատ չբացելով՝ Գասպարյանը տեղեկացնում է, որ կրկեսի բացման ծրագիրն է նույնիսկ պատրաստ. «Cirque du Soleil»-ն այդ շրջանում Երևանում կլինի, վեց ամիս հանդես են գալու հայ հանդիսատեսի առջև։
Կրկեսի շենքով շրջայցի ժամանակ «Երևանյան կրկես» ՍՊ ընկերության գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է, որ շենքի ընդհանուր մուտքի մոտ (ներսում) լինելու է չորս էկրան, սննդի կետ։ Էկրաններից այն կողմ արդեն երևալու է բուն մուտքը, որը տանելու է դեպի հարթակն ու սրահը։ Հանդիսատեսի հիմնական մուտքը սրահ լինելու է երկրորդ հարկով, որտեղ բարձրանալու են և համապատասխան դռներով ներս մտնեն։
Ամբողջական նյութը՝
