Ըստ ռուսական մամուլի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի հուլիսին Աստանայում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին նա ասել է Կրեմլում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը։ Հանդիպման ակնկալիքների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Թուրքիայում հրապարակվող «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։
«Հայաստանի համար ոչ օգտակար մարդիկ կողք կողքի պիտի գան։ Պուտինը Հայաստանի համար ոչ օգտակար մարդ է, Էրդողանը Հայաստանի համար ոչ օգտակար մարդ է, և նրանց կողք կողքի կանգնելը չգիտեմ, թե Հայաստանի համար ինչ օգուտ կլինի, մեծ հույսեր չունեմ։ Ավելի շատ տարածաշրջանային ընդհանուր խնդիրների մասին է լինելու այդ հանդիպումը, որովհետև Պուտինն արդեն հրավեր ուղղեց ներառյալ ԱՄՆ-ին՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում կամ ԵՄ շրջանակներում, որ բոլորի համար նպաստավոր բաներ կարող են լինել, ես շատ մեծ ակնկալիքներ չունեմ՝ տեսնելով ներկայիս հակադրությունը մեկը մյուսի հանդեպ։ Ուկրաինայի մեջ պատերամզը հստակ է, ուկրաինացիները ամերիկյանզենքերով հարվածում են ռուսական դիրքերը, և լավ հույսեր չկան»,- ասաց Էստուկյանը։
Խոսելով նաև այն մասին, որ ՀՀ-ն ճանաչեց Պաղեստին պետությունը, և հարցին, թե կա՞ արդյոք կապ այն բանում, որ ճանաչումը տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցից հետո, Բագրատ Էստուկյանն ասաց, որ ՀՀ-ի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու երևույթը համաշխարհային և համամարդկային բնույթի երևույթ է։
«Ես բնավ զուգահեռներ չեմ տանում այդ հեռախոսազրույցի և այդ որոշման միջև։ Դրանք իրար հետ կապ չունեցող խնդիրներ են՝ ըստ իս։ Հայաստանը պարզապես միացավ քաղաքակիրթհասարակությունների դիրքին և ընդունեց Պաղեստին պետությունը, ինչպես մոտ անցյալում ընդունել էին Իռլանդիան, Իսպանիան, Նորվեգիան, Շվեդիան։ Եվ Հայաստանը հետևեց այդ ուղղությանը»,- նշեց Բագրատ Էստուկյանը։
Նա նաև ասաց, որ այս հեռախոսազրույցից նոր ակնկալիք չունի, որովհետև վաղուց այդ թեմայովգնդակը Թուրքիայի խաղադաշտում է.մենք ամեն ինչով սահմանն արդեն բացելուն պատրաստ ենք, անցակետը պատրաստ է, և եթե որոշեն սահմանը բացել, մենք՝ որպես հայկական կողմ,հաջորդն օրն արդեն իսկ պատրաստ կլինենք սահմանային անցակետի սպասարկումն իրականացնելու, Թուրքիան է այստեղ դժկամություն հայտնել, հետևաբար եթե Թուրքիան առաջընթաց արձանագրի, ամեն ինչ նորմալ առաջ կընթանա։
«Իրականության մեջ սահմանի փակ մնալով Թուրքիան էլ որոշ վնասներ կրում է, բայց կարծում եմ՝ այս հարցը Թուրքիան ինքը առանձին որոշողը չէ, այլ ուրիշ ազդեցիկ դերակատար կա՝հանձին Իլհամ Ալիևի։ Թուրքիան պետք է նախ Ալիևի համաձայնությունը ստանա, նոր քայլ անի։ Ի տարբերություն անցյալի՝ այդ ավագ եղբայր, կրտսեր եղբայր հասկացողության տեղերը այսօր փոխվել են։ Ավագ եղբայրն այսօր այլևս Էրդողանը չէ, այլ Ալիևն է»,- եզրափակեց Բագրատ Էստուկյանը։
Լիլիթ Թադևոսյան