Օգոստոսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով քննիչի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է ներկայացվել տուժող կողմին, որով հայտնվել է, որ նշված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։
Նույն օրը քննիչի կողմից դարձյալ էլեկտրոնային փոստի միջոցով տուժող կողմին է ներկայացվել նախապես նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությունը։
Բացի այդ, ս.թ. օգոստոսի 29-ին սույն գործով քննիչը դարձյալ էլեկտրոնային փոստի միջոցով տուժող կողմին է ներկայացրել քրեական գործի նյութերը, որոնք բաղկացած են 22 հատորից՝ բանավոր կերպով տուժողներին և լիազոր ներկայացուցչին հայտնելով, որ դրանց ծանոթացման նպատակով տրամադրվում է երեք օր։
Օգոստոսի 30-ին զոհված զինծառայողների ծնողները լիազոր ներկայացուցչի հետ հանդիպել են քննիչին՝ պահանջելով տրամադրել ողջամիտ ժամկետ՝ 22 հատոր գործի նյութերին ծանոթանալու և համապատասխան միջնորդություններ ներկայացնելու համար, որը քննիչի կողմից մերժվել է։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել սույն քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում հսկող դատախազին՝ պահանջելով սույն քրեական վարույթով քննիչին հեռացնել տվյալ վարույթին մասնակցելուց՝ քրեական վարույթի ընթացքում օրենքի կոպիտ խախտում թույլ տալու համար։
Այսօր ստացվել է ներկայացված միջնորդությունը մերժելու մասին դատախազի որոշումը՝ միաժամանակ հայտնելով, որ այսօր վերը նշված գործն ուղարկվել է դատարան։
Այս մասին հայտնում է զինծառայողների հարազատների ներկայացուցիչը՝ նշելով, որ վերը նշված ծավալի քրեական վարույթի նյութերին ծանոթանալու նպատակով ընդամենը 3 օր տրամադրելը, քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով տուժող կողմի բազմաթիվ միջնորդությունները չքննարկելն ու անհետևանք թողնելը, նշանակված համալիր փորձաքննությունների եզրակացություններին չծանոթացնելը, դրանց վերաբերյալ համապատասխան դիրոքորոշում ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ չտրամադրելը տուժող կողմի համոզմամբ վկայում է այն մասին, որ սույն քրեական վարույթով թե՛ քննչական մարմինը, և թե՛ դատախազությունը դրսևորեցին որևէ կերպ չարդարացված շտապողականություն և անհասկանալի շահագրգռվածություն գործը հնարավորինս սեղմ ժամկետներում դատարան ուղարկելու համար՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, ինչպես նաև տուժողների իրավունքները։
«Տուժող կողմը նախապես հայտարարել էր, որ չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացոման հնարավորությունը, միաժամանակ՝ սպասելով նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությանը, սակայն ակնհայտ է, որ տուժող կողմն ապօրինի կերպով զրկվեց մինչդատական վարույթում իրացնել իր իրավունքները»,-ասված է հաղորդագրության մեջ, որը ստորագրված է զոհված 15 զինծառայողների ծնողների կողմից:
