«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ սկսելու են զբաղվել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ով, որպեսզի հասկանան վերջինիս անպատասխանատու ու անորակ ծառայությունների մատուցման պատճառները:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Իոաննիսյանն ասում է, որ սկսել են ուսումնասիրությունները, և արդեն իսկ որոշակի կոռուպցիոն ռիսկեր են նկատել ՀԷՑ-ի գործունեության մեջ: Նրա խոսքով՝ արդյունքները ամբողջացնելուն պես դրանցով կկիսվեն հասարակության հետ:
«Իրականում խնդիրը բազմակոմպոնենտ է, բայց պետք է նշեմ, որ հիմնական հասցեատերը Հայաստանի էլեկտրական ցանցերը չէ, որովհետև ՀՀ էլեկտրական ցանցերը մասնավոր կազմակերպություն է, և այդ կազմակերպությունից առանձնապես բողոք ունենալը լեգիտիմ չէ: Խնդրի հասցեատերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, որն արդեն պետական մարմին է, և որը պետք է այս հարցերով զբաղվի, սակայն մեծ հաշվով չի զբաղվում, ինչը արդեն առաջացնում է որոշակի լեգիտիմ հարցեր հանրության շրջանում, թե ինչո՞ւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որ պետք է լինի ՀԵՑ-ի հետ հարաբերություններում հանրության ներկայացուցիչը, ավելի շատ իրեն պահում է որպես ՀԷՑ-ի փաստաբան»,- նշում է Իոաննիսյանը:
Դիտարկմանը, թե որո՞նք կարող են լինել այդ պատճառները, Իոաննիսյանը պատասխանում է՝ կարող են կապված լինել տարբեր հանգամանքների հետ. «Ես կարող եմ կապել սկսած նրան հետ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը Արթուր Վանեցյանի բաջանաղն է, և վերջացրած նրանով, որ ժամանակին Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախագահ անդամները (խոսքը նախկին նախագահների մասին է) ՀԷՑ-ից և այլ մենաշնորհներից որոշակի գումարներ էին ստանում, գործուղումներ անում: Հանրությունը իրենց տալիս է աշխատավարձ, իսկ ՀԷՑ-ը՝ ավելի շատ գումար»:
Վերջինս նշում է նաև խնդրի լուծման իր պատկերացումը. «Մենք պետք է ունենանք մարդավարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ջուր, ինտերնետ, էլեկտրաէներգիա. այս բոլորը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում են, որը իր աշխատանքն ուղղակի չի անում: Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նկատմամբ ունի վերահսկող գործառույթ, որը պետք է կիրառի»,- ասում է Իոաննիսյանն ու հավելում. «Բնականաբար, հոսանքազրկումը 21-րդ դարում խայտառակություն է, արտասահմանից մարդիկ են գալիս, հոսանքազրկում է լինում, զարմացած նայում են, դա նորմալ չէ: Կրկնում եմ՝ 21-րդ դարում կայուն էլեկտրաէներգիա չունենալը խայտառակություն է»:
