ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել սեպտեմբերի 1-2 կայանալիք «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում։
Ողջունելով Կատարից և ԱՄԷ-ից ժամանած հյուրերին, Աննա Հակոբյանն իր խոսքում ընդգծել է, որ նրանք արժեքավոր և կարևոր մասակցությունը կունենան համաժողովին, իսկ մասնակիցները կհեռանան նոր գիտելիքներով, հմտություններով ու հնարավորություններով, գործակցությունների պայմանավորվածություններով։
Իրավիճակը, մեր օրերում, բարեբախտաբար նույնը չէ, ընդգծել է Աննա Հակոբյանը։ Պետությունը որդեգրել է ներառականության քաղաքականությունը և իրականացնում է մեծ բարեփոխումներ, ստեղծվում են ենթակառուցվածքներ:
«Բայց շփվելով իրենց՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ընդ որում ամենատարբեր տարիքային խմբի ներկայացուցիչերի հետ, ես մի բան եմ հասկացել, գուցե ելնելով նաև նրանից, որ ՀՀ-ում լիարժեք ապահովված չեն մատչելի և հասանելի ենթակառուցվածքներով, ծառայություններով, նրանք միևնույնն է օբյեկտիվորեն դժվարանում են համարել, որ կարող են այս կյանքը ապրել այնպես, ինչպես մնացածը, իրենց առաջ դնել նույն նպատակները, ունենալ նույն ձգտումները, աշխատել, լիիրավ և լիարժեք քաղաքացի լինել: Մենք նրանց վերաբերվում ենք, որպես խոցելի խումբ, և նրանք իրենց զգում են որպես խոցելի խումբ»,- շեշտել է Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինը հարց է բարձրացրել ու միաժամանակ խնդրահարույց համարել, որ այս ընթացքում քիչ են պատրաստվել, կամ ընդհանրապես չեն պատրաստվել ֆիլմեր հաշմանդամություն ունեցող, բայց իրենց ձեռքբերման, աշխատանքի, մասնագիտության շնորհիվ համաշխարհային հռչակ ստացած մարդկանց մասին: Այդ ֆիլմերում կարող էին լինել կենդանի օրինակներ, որ ֆիզիկական հնարավորությունները հարաբերական են և բոլորն էլ ինչ-որ առումով ունեն սահմանափակ կարողություններ:
«Այս պահին հարցի պատասխանը չեմ ակնկալում, բայց ուզում եմ ասել, որ ամեն անգամ շփվելով ՀԿ-ների անդամների հետ, ես ուզում եմ գոռալ նրանց այս պատմությունների մասին: Ուզում եմ այնքան բարձր գոռալ, որ նրանց հայացքներից և հոգիներից անվերադարձ վերանա անկարողության, այս կյանքում տեղ չունեցողի, ի ծնե դատապարտվածի կնիքը: Հենց դա է պատճառը, որ «Իմ քայլը» հիմնադրամն իր համար առաջնային ուղղություն է որդեգրել հաշմանդամություն ունեցող անձանց՝ հանրային կյանքում լիարժեք ներառվելու խնդիրը: Մենք պատկերացնում ենք, որ մեր ջանքերով, օգտագործելով մեր ձեռքի տակ առկա բոլոր ռեսուրսները, հանրության շրջանում կձևավորենք կարողություն և հանրային լայն ընկալում՝ դիմացի տարբերվող մարդուն հավասարը հավասարին ընդունելու»,- ասել է «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավարը:
Արդյունքում, երբ բարեփոխումներն իրականացված, օրենքներն ընդունված և համապատասխան ենթակառուցվածքները ստեղծված կլինեն, հանրությունն էլ իր հերթին սիրտը բաց, առանց վերապահումների իր առօրյա կյանք կընդունի մարդկանց, ովքեր ծնվել են ֆիզիկական կամ մտավոր առողջական խնդրով, կամ այն ձեռք են բերել այս կամ այն հանգամանքում՝ շարունակել է Աննա Հակոբյանը։
«Ի վերջո մենք միասին ենք որոշում, թե ինչ միջավայր է պետք մեզ ապրելու համար: Կոնկրետ այս հարցում սեփական դիրքորոշում ձևավորելուց առաջ, կարծում եմ կարևոր է դուրս գալ հումանիզմի դաշտից և մտածել խիստ ռացիոնալ: Մեզանից ոչ ոք ապահովագրված չէ և ոչ ոք չի կարող կանխորոշել իր հետ կատարվողը: Ինձ համար այս հարցում դիրքորոշում ձևավորելու համար անկյունաքարային սկզբունքը հետևյալն է՝ դիմացինին ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա: Չքննարկել, չմերժել, չխորշել, չծաղրել, չանտեսել, չվանել, չփոխել, չթաքցնել, չլքել, այլ ընդունել, ընդունել՝ բառիս ուղիղ և ամենադրական իմաստով»,- խոսքը եզրափակել է վարչապետի տիկինը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործակցությամբ սեպտեմբերի 1-2-ը անցկացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողով, որի նպատակն է համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին, վեր հանել խնդիրները, ներկայացնել պետական նախաձեռնությունները և ծրագրերը, ուսումնասիրել միջազգային փորձը, գիտելիքների ու մասնագիտական գործիքակազմը և դրանք կիրառելի դարձնել Հայաստանում։ Համաժողովի ընթացքում նախատեսված են նաև մի շարք պանելային քննարկումներ՝ արդի ու կարևոր թեմաներով։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործակցությամբ սեպտեմբերի 1-2-ը անցկացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողով, որի նպատակն է համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին, վեր հանել խնդիրները, ներկայացնել պետական նախաձեռնությունները և ծրագրերը, ուսումնասիրել միջազգային փորձը, գիտելիքների ու մասնագիտական գործիքակազմը և դրանք կիրառելի դարձնել Հայաստանում։ Համաժողովի ընթացքում նախատեսված են նաև մի շարք պանելային քննարկումներ՝ արդի ու կարևոր թեմաներով։
