Կարեւոր է, որ փորձը   չվերածվի  փորձանքի

Կարեւոր է, որ փորձը   չվերածվի  փորձանքի

 

ԱՄՆ-ում բնակվող իրավաբան, «Human Rights Defense» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Կարո Կարապետյանին lragrogh.com-ը մի քանի հարց ուղղեց։

 

-Հայաստանը փորձում է կտրուկ շրջադարձ կատարել դեպի Եվրամիություն։ Ըստ Ձեզ՝ այդ քայլն ի՞նչ արդյունքներ կարող է տալ։

-Այս հարցում կարեւոր է, որ փորձը   չվերածվի  փորձանքի։ Ընդհանուր առմամբ զարգացումներն, այդ թվում նաեւ՝ եվրաինտեգրման հետ կապված գործընթացները, համահունչ են աշխարհաքաղաքական զարգացումներին։ Առայժմ դժվար է եզրակացություններ անելը, քանի որ եվրաինտեգրումը ենթադրում է որոշակի նախապատրաստական աշխատանքներ։ Կհաջողվի այդ ամենն այնքանով, որքանով որ պատրաստ կլինենք մարտահրավերներին եւ առաջադրվելիք խնդիրներին։

-Կան քաղաքական շրջանակներ, որոնք տարբեր հարթակներում փորձում են «տաք պահել» Արցախի եւ արցախահայերի վերադարձի թեման։ Արդյո՞ք նրանք չեն շահարկում Արցախի հարցը։

-Չէի ցանկանա, որ Ձեր առաջադրած երկրորդ հարցի պատասխանը լիներ ենթադրությունների տեսքով։ Այս պահի դրությամբ իրատեսական չեմ համարում, դրա համար չկան անհրաժեշտ պայմաններ, այդ հարցն այսօր տարածաշրջանային զարգացումների օրակարգում չէ։

-Ձեր կարծիքով՝ ՌԴ-ն այս պահին ազդեցի՞կ դեր է խաղում տարածաշրջանում։

-ՌԴ դերի հետ կապված միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ։ Ընդհանուր առմամբ՝ ՌԴ-ն որեւէ տեղ դերակատարություն չունի, այն փորձում է դիմադրել՝ պայմանավորված իրավիճակի փոփոխություններով։ ՌԴ-ն փորձելու է պահպանել այն ամենն, ինչ ունի, կամ ունեցածի նկատմամբ որոշակի ազդեցություն եւ լծակներ է պահպանելու։

-Ըստ Ձեզ՝ աշխարհաքաղաքական ի՞նչ շահեր եւ հետաքրքրություններ են խաչվում Զանգեզուրի միջանցքի շուրջ։

-Ձեր առաջադրած հարցն այսօր չունի կոնկրետ պատասխան։ Իմ կարծիքով՝ այն օրակարգային չէ, երբեմն ուղղակի շահարկվում է տարածաշրջանային խաղացողների կողմից։

Կիսվել սոց․ ցանցերում