Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղшսպшնության հուշահամալիր

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին սեպտեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Դեսպանին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Էդիտա Գզոյանը հույս է հայտնել, որ ՀՑԹԻ-ի և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան միջև ձևավորված հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կխորանան:

Լուսինե Աբրահամյանը տիկին Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Նորանշանակ դեսպանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել  Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Նիդերլանդների նորանշանակ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Կիսվել սոց․ ցանցերում