Ճամպրուկներից թանկարժեք իրերի բացակայելու մասին հաղորդումներ չեն ստացվել. ՆԳՆ

Ռուսական տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ՀՀ ժամանած մի շարք ռուս զբոսաշրջիկների պնդմամբ՝ իրենց ուղեբեռներից պակասել են թանկարժեք իրեր: Ըստ պնդումների՝ Երևանի օդանավակայանի՝ ուղեբեռի ստացման կետում ճամպրուկները երբեմն կիսաբաց են ստացվել, դրանք եղել են խառնած ու բացակայել են թանկարժեք զարդերը:

Հիշյալի կապկցությամբ ՀՀ Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նշված բովանդակությամբ հանցագործության մասին հաղորդումներ ՆԳՆ ոստիկանությունում չեն ստացվել։

«Հարկ է նաև նշել, որ ՆԳՆ ոստիկանությունը տարբեր ավիաընկերությունների հետ կապված պարբերաբար ստանում է կորած իրերի վերաբերյալ դիմումներ, որոնց սահմանված կարգով ընթացք է տրվում։

Այս ուղղությամբ ՆԳՆ ոստիկանությունն ամենօրյա ռեժիմով համագործակցում է օդանավակայանի գործընկերների հետ»,- ասվում է ՆԳՆ տեքստում:

Կիսվել սոց․ ցանցերում