«Սա իմ երկիրն է»
Սա Հովհաննես Գրիգորյանի թերևս ամենահայտնի՝ «Հայաստան» բանաստեղծության առաջին տողն է: Բանաստեղծությունը տպագրվել է 1992-ին, Հայաստանի անկախացումից կարճ ժամանակ անց: Հասկանալի է հակադրությունը խորհրդային շրջանի հայրենասիրության հրապարակային պաթոսին՝ «իմ հայ ժողովուրդ» և այլն. անուններ չթվարկեմ: Դժվար չէ նկատել մյուս անբացահայտ հակադրությունը՝ խորհրդային հսկա կայսրության և նրանից անջատված փոքրիկ Հայաստանի: Հայաստանի, որ վերջապես անվերապահորեն քո՞նն է: Երկրի հետ հարաբերությունների տեղափախումը մտերմության-անձնականության («ծերացած մայր», «նորածին զավակ») մերձավորագույն տիրույթ՝ ուրիշների, այդ թվում՝ իշխանության ու գաղափարաբանության կողմից իբրև թե անհասանելի տեղ, այդ հարաբերությունների (ինքնա)հեգնական-հուզական բեմականացումը (որի իսկական վարպետն էր Գրիգորյանը) իսկապե՞ս բավարար է այն (երկիրը) յուրացնելու-սեփականելու, խորհրդային կայսրության ծանր կնիքից ազատագրվելու համար:
Այսօր, այս ճակատագրական ժամանակներում, երբ բնավ ակնհայտ չէ, թե վաղը կունենանք նման շռայլություն՝ պնդելու, որ սա իմ երկիրն է, որքան միամիտ է թվում բանաստեղծի այդ ինքնավստահ հայտարարությունը: Եվ անգամ 1992-ից տասը տարի անց (Վարդ Սիմոնյանի (Vard Simonyan) հետ Հովհաննես Գրիգորյանի հարցազրույցի տարին), բանաստեղծը, խոսելով Հայաստանի ապագայի մասին, տարրական պատկերացում չունի խորհրդային ժառանգությունը հաղթահարելու դժվարին խնդրի մասին. «չափերով այդքան փոքր» երկիրը նրա համար ինքնին հասկանալի ձևով տրված բան է: Հրանտ Մաթևոսյանին «թաքուն ստալինիզմ» և «նաիվություն» վերագրող բանաստեղծն ինքն է ի ցույց դնում ակներև միամտություն: Այդ հարցումմ նա միայնակ չէր: 1990-ականներին տարբեր մասնավոր զրույցներում խոսելով խորհրդային ժառանգությանն առերեսվելու մտավորական խնդրի մասին, լսել եմ, այդ թվում՝ բանաստեղծներից, հեգնական ակնարկներ այն մասին, որ Լենինի արձանը հանված է, որ դպրոցականներն արդեն ոչինչ չգիտեն «Լենին պապիկի» մասին, որ առհասարակ Սովետն արդեն չկա և այլն:
Միտքս եկավ «Խումհար»-ի այն հատվածը,որտեղ կինոյի ասպիրանտ Եվան պատմում է իր ու ընկերուհու արկածների մասին Հայաստանում և Արմենակն ասում է. «Գրողը քեզ տանի, ես էլ կարծում եմ քեզանից թաքուն հայրենիք ունեմ»: Նկատենք, որ ռուս կանայք «Խումհար»-ում կայսրության այլաբանությունն են: Չես կարող այդպես հեշտությամբ կայսրությունից թաքցնել երկիրդ, անգամ եթե պահես սրտիդ մեջ:
Օրեր առաջ ծանոթներիցս մեկն ինձ խնդրեց պարզաբանել Հ. Գրիգորյանի կարծիքը Հ. Մաթևոսյանի մասին, որ ասվել է վերոհիշյալ հարցազրույցում: Ահա այս գրառումը որպես պարզաբանում-պատասխան Մաթևոսյան սիրող մեկի կողմից:
Որպեսզի թուրըմբռնում չլինի, ասեմ, որ Հ. Գրիգորյանին կարդում եմ նրա առաջին գրքից սկսած՝ «Երգեր առանց երաժշտության» և առնվազ խորհրդային տարիներին միշտ ուրախությամբ եմ ձեռքս առել նրա յուրաքանչյուր նոր գիրք: