Պատասխանատվության զգացում պետք է ունենան թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ավագանու անդամները:
Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Այսօրվա ավագանիների մասով ասում ենք՝ դու ունեք ամսական երկու պարտականություն, որը մատնանշված է տեղական ինքնակառավարման մասին օրենքով, և որն ընդունել է Ազգային ժողովը, ընդունվել է ժողովրդի կողմից։ Պետք է մասնակցեք հանձնաժողովներին ու ավագանու նիստերին։ Եթե խոսում ենք անգամ բոյկոտի մասին, դա բացառություն է։ Այսինքն՝ դու քո հիմնական աշխատանքը իրականացնում ես, առանձին հարցերի դեպքով բոյկոտում ես»,- ասաց նա։
Անդրադառնալով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի դեպքին, երբ ավագանին վերջինիս զրկեց լիազորություններից՝ Գրիգորյանը պատասխանեց․ «Երիցյանի մասը բոյկոտ չէր, քանի որ նրա խմբակցության այլ անդամներ եկել են։ Եղբայր, երբ ՀՀ ժողովրդին ասում էիր՝ ուզում եմ ավագանու անդամ դառնալ, ենթադրվում է, որ պետք է գաս նիստերին»։
Նրա խոսքով՝ Երիցյանը դիտմամբ չի եկել ավագանու հանձնաժողովի նիստերին․ «Երիցյանը հարց էր տվել՝ ես էլ եմ բացակայել, ինչի չեք ներկայացնում իմ հարցը, ասել ենք՝ եթե դուք էլ շարունակեք չգալ հանձնաժողովների նիստերին, ձեր հարցն էլ կքննարկենք։ Այստեղ մնում է երկու տարբերակ․ կա՛մ ինքը ցանկանում էր, որ իրեն հեռացնեն, ու ես հակված եմ այդ տարբերակին, որովհետև փաստացի նիստերին չի եկել, կա՛մ էլ իր համար մեկ էր, թե ինչ կլիներ։ Ուզում էր իրեն հանեինք, որպեսզի այսօր գոռա, ասի՝ ժողովրդավարությունը ռիսկի տակ է»։
Երևանի ավագանին կողմ է քվեարկել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Գինոսյանի և Անուշ Խուդավերդյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին։
