Ուղեղի ակտիվությունն ավելի երկար պահպանելու համար հարկավոր է հնարավորինս լիարժեք կյանքով ապրել՝ շփվել տարբեր մարդկանց հետ, կարդալ և խոսել տարբեր լեզուներով, լսել երաժշտություն, ճանապարհորդել և ստանալ տարբեր տպավորություններ, որոնք ձևավորում են նոր նեյրոնային ցանցեր: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Կոգնիտիվ հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԱՕ ակադեմիկոս, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ նեյրոլինգվիստ Տատյանա Չեռնիգովսկայան:
Նա ներկա է գտնվել գիտակցության մասին իր տեսակի մեջ առաջին երկու միջազգային ֆորումներին, որոնց մասնակցում են ոլորտի տասնյակ առաջատար մասնագետներ ամբողջ աշխարհից, որոնք ներկայացնում են տարբեր գիտական համայնքներ: 2023 թվականին Դալայ լամայի մասնակցությամբ Դհարամսալայում տեղի է ունեցել «Կենդանիների գիտակցությունը» առաջին միջազգային համաժողովը, իսկ 2024 թվականին Կատմանդուում հավաքվել է արդեն երկրորդ՝ ընդլայնված համաժողովը՝ «Ինչպես ուսումնասիրել և հասկանալ գիտակցությունը ոչ մարդկանց մոտ» թեմայով։ Այս համաժողովների գիտական կազմակերպիչն էր աշխարհահռչակ ռուս նյարդաֆիզիոլոգ, Մոսկվայի պետական համալսարանի ուղեղի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Կոնստանտին Անոխինը:
«Ապրել հնարավորինս հարուստ, լիարժեք կյանքով. շփվել, քայլել, լողալ, կարդալ, դիտել, լսել՝ ստանալ բազմազան տպավորություններ: Որպեսզի լինեն տարբեր նյարդային ցանցեր: Տարբեր երկրներ, տարբեր մարդիկ, տարբեր լեզուներ և այլն», — այսպես է պատասխանել Չեռնիգովսկայան այն հարցին, թե ինչ գործունեությամբ ավելի լավ է զբաղվել, որպեսզի հնարավորինս երկար պահպանվի ուղեղի ակտիվությունը։