Էժան ինքնարժեք և ազատականացված շուկա․ ինչու են ՀՀ-ում չինական ավտոմեքենաները շատացել

Հայաստանում վերջին տարիներին նկատելիորեն աճել է չինական արտադրության ավտոմեքենաների քանակը, անհամեմատ մատչելի են նաև վերջիններիս գները։ Այս համատեքստում կարծիքներ են հնչում, որ Չինաստանը տնտեսական ճանապարհով փորձում է տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում մեծացնել իր քաղաքական ազդեցությունը։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Գագիկ Վարդանյանը նշեց, որ այդ միտումն ընդհանրապես ամբողջ աշխարհի մասշտաբով է նկատվում։ Ըստ նրա՝ Եվրոպական միությունն ու ԱՄՆ-ն, չկարողանալով դիմադրել Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացին, չինական արտադրանքի նկատմամբ 100%-անոց մաքսատուրքեր են սահմանել․

«Այսինքն՝ ստացվում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում սահմանված խաղի կանոնները առ ոչինչ են դարձել։ 100%-անոց մաքսատուրքն իրականում սարսափելի բան է։ Այս պարագայում այն երկրները, որոնք նման մաքսատուրքեր չեն կիրառել և գնացել են ազատականացման, իսկ Հայաստանն այդ առումով շատ ազատականացված է, բնականաբար արտադրանքն այդ երկրներ է գնալու, գներն էլ՝ մատչելի են լինելու»։

Տնտեսագետը շեշտում է, որ չինական արտադրության ավտոմեքենաները, հատկապես էլեկտրոմոբիլները, աշխարհի մասշտաբով են մրցունակ, որովհետև BYD-ն թագը խլել է ամերիկյան Tesla-ից։

«BYD-ն արդեն 2000 կմ վազքով մեքենայով մեքենա է արտադրում, որը դեռևս մրցակից չունի։ Բացի այդ, Չինաստանում հատկապես էլեկտրոմոբիլների ինքնարժեքը շատ ցածր է, որովհետև ամբողջ շարժիչի ստեղծման ողջ շղթան գտնվում է այդ ընկերությունների ձեռքին, մասնավորապես այն հազվագյուտ տարրերը, որոնցից մարտկոցներ են պատրատվում, իսկ էլետրոմոբիլների արժեքի 30-40%-ը հենց մարտկոցներն են կազմում։ Բնականաբար այս պահին, այս տեխնոլոգիական մակարդակի պայմաններում, և աշխարհում ավտոարտադրող ոչ մի երկիր չի կարող մրցել չինական արտադրանքի մրցունակության հետ»,- ասաց նա՝ նորմալ համարելով, որ Հայաստան մատչելի գնով չինական ավտոմեքենաներ են ներմուծվում։

Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ Չինաստանն այս ճանապարհով տարածաշրջանում և Հայաստանում փորձում է նաև իր քաղաքական ազդեցությունը մեծացնել՝ մեր զրուցակիցը պատասախանեց, որ եթե անգամ դա այդպես է, ապա դրանում վատ բան չկա։ Նրա համոզմամբ՝ ավելի լավ է Չինաստանի նման երկիրն ու ժողովուրդը նման ազդեցության հասնի, քանի որ նրանք շատ իմաստուն են․

«Եթե իմաստուն չլինեին, միլիարդուկես բնակչություն չէին ունենա։ Մենք 2-3 միլիոն ենք՝ դժվարանում ենք պահել մարդկանց, սոցիալական խնդիրներ կան և այլն, բայց միլիարդուկես Չինաստանի մասին երբեք չենք լսել, որ խնդիրներ կան։ Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ գլուխները կախ իրենց արտադրանքն են ստեղծում․ էժան ստեղծում, վաճառում են ու համեմատաբար էժան են վաճառում, եթե համեմատենք մյուս երկրների հետ։ Բացի դրանից, բնակչության թվաքանակը նույնպես շատ կարևոր է, որովհետև օժտված բնակչության մասնաբաժինն ավելի մեծ է, այդ համեմատությունը դարեր շարունակ չի փոխվել․ որքան մեծաթիվ է բնակչությունը, օժտվածների բացարձակ թիվն այդքան ավելի մեծ է։ Դրա համար մենք տնտեսական ասպարեզում Չինաստանից դեռ շատ ավելի հետաքրքիր անակնկալներ պետք է սպասենք»։

Ամբողջական նյութը՝

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/09/17/129796?fbclid=IwY2xjawFWsThleHRuA2FlbQIxMQABHckZDvxCYkvdZI5GYIJm7FcQM3nuY-f8Yew-xo1WY4srw1DVmSFEgPb36Q_aem_tZNUqhZPW73UpaZmUCqICQ

Կիսվել սոց․ ցանցերում