Արուսյակ Մանավազյանն ու Ալխաս Ղազարյանը շրջայց են կատարել Արմավիրի 3 համայնքում, ծանոթացել խնդիրներին

«Աշխատանքային այցով ես և գործընկերս՝ Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանը, եղել ենք Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ բնակավայրերում»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ նշելով, որ այցի շրջանակներում այցելել են համայնքում գործող մանկապարտեզներ և դպրոցներ, ծանոթացել հաստատություններում եղած խնդիրներին:

«Գրեթե բոլոր տեղերում առաջնային խնդիր են մատնանշել հաստատությունների շենքային պայմանները: Մանկավարժների խոսքով, համայնքում ավելացել են մանկապարտեզ հաճախող երեխաների ու դպրոցահասակների թիվը, ինչը խտացրել է դասարններում աշակերտների թիվն ու մանկապարտեզներում խմբերի քանակը: Ասում են՝ երեխաների ծնելիության աճի տեմպը ավելացել է, հիմա եղած շենքային պայմաններին նոր մասնաշենքեր են պետք:

Նշված համայնքներում հանդիպել ենք նաև բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, քննարկել դրանք ու փորձել գտնել լուծման տարբերակներ: Մարզում վերջին ամիսներին ՀԵՑ-ի անջատումները դարձել են գլխացավանք ու մյուս խնդիրների ֆոնին հավելյալ բեռ ավելացրել բնակիչների ուսերին: Օրակարգային հարցերի թվում է ջրի խնդիրը, որոշ համայնքներում՝ խողավակների մաշվածության, անգամ ջրանջատումներից են դժգոհում:

Եղած խնդիրների կողքին սուբվենցիոն ծրագրերը նույնպես քիչ չեն, դրանց շնորհիվ վերանորոգվում են համայնքային ճանապարհներն ու ենթակառուցվածքները: Որոշ ծրագրեր կմեկնարկեն առաջիկայում»,- գրել  է Մանավազյանը:

Կիսվել սոց․ ցանցերում