Որևէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, անընդունելի է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցի ժամանակ:
«Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար, բայց պարտադրել արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է։
Անկախ տարբեր միջազգային կառույցների պատասխանատուների հայտարարություններից՝ Արցախի ժողովուրդը և իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով»,- ասաց նախարարը։
Ղազարյանը նաև նշեց, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարում, խախտում է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը:
Անդրադառնալով բանակցային գործընթացին, ԼՂ ԱԳ նախարարը նշեց.
«Ամենակարևորը՝ ժողովուրդը չի շեղվել 1991թ-ի դեկտեմբերի 10-ին ընտրած իր ուղուց»:
Լաչինից առևանգված երիտասարդներին վերաբերող հարցին, նախարարն ասաց՝ հույս ունի, մոտ օրերս նրանք ազատ կարձակվեն:
