«Իմ կարծիքով, կինը պիտի երեխա պահելու համար աշխատավարձ ստանա իր ամուսնուց»

Նարեկ Սարգսյանը գրում է․ «Իմ կարծիքով, կինը պիտի երեխա պահելու համար աշխատավարձ ստանա իր ամուսնուց։ Ես ուզում եմ, որ ընտանիքում լինի ֆինանսական հստակություն։ Եթե փողը ընդհանուր չէ, իսկ երեխայի հոգսը հիմնականում ընկած է կնոջ վրա, ապա այդ ընթացքում տղամարդը ընտանիքի ֆինանսական բոլոր ծախսերը հոգալուց բացի, իր եկամուտների ավելացած մասից աշխատավարձ է վճարում իր կնոջը, քանի որ երեխա պահելը ծանր աշխատանք է, որը պահանջում է լուրջ հմտություններ։

Այդ աշխատավարձը կնոջ սեփական փողն է, որը վերջինս տնօրինում է իր հայեցողությամբ։ Աշխատավարձի չափը կարծում եմ պիտի որոշի երկու գործոնով՝ տղամարդու՝ ընտանիքի հոգսերը հոգալուց հետո ավելացած փողի չափը և երկրի միջին աշխատավարձի չափը։ Եթե տղամարդու աշխատավարձը հազիվ է հերիքում հոգալու համար ընտանիքի հոգսերը, նա հավելյալ պարտավորություն չունի։

Եթե Տղամարդու եկամուտները՝ ընտանիքի հոգսերը հոգալուց հետո կազմում են դիցուք մինչև 500 դոլար, ապա այդ 500-ից տղամարդը կնոջը վճարում է դիցուք 50 տոկոս՝ 250դոլար։ Եթե թիվ 1000 է՝ 40 տոկոս, 400 դոլար, իսկ եթե 1000-ից ավելի՝ արդեն որոշիչ գործոն է դառնում երկրի միջին աշխատավարձի չափը։ Կինը ստանում է միջին աշխատավաարձի չափ։ Եթե տղամարդը վաստակում է 3000, 5000 կամ 10.000 դոլար կամ ավելի, ապա հոգում է ընտանիքի բոլոր ծախսերը և կնոջը վճարում է միջին աշխատավարձի կրկնապատիկը, դիցուք1200 դոլար։

Պարզ է, որ տեսականորեն նույնը պիտի լինի նաև հակառակ դեպքում՝ եթե տղամարդը պահի երեխային և կինը աշխատի։ Բայց ես դա դժվար եմ պատկերացնում. դա միայն այն պարագայում կարող է աշխատել, եթե կինը այնպիսի մասնագետ է, որ մեծ փող է աշխատում և ափսոս կլինի եթե նստի տանը՝ ընտանիքը մեծ փողային կորուստ կունենա։

Երեխաների խնամքի ավարտից հետո բնականաբար աշխատավարձ վճարելու անհրաժեշտությունը վերանում է։ Կարծում եմ այս հստակությունը կնպաստի ընտանիքների երջանկությանը և ամրությանը — եթե նույնիսկ մինչև վերջ չկիրառվի, ապա սրա որոշ դետալների կիրառումը հսկայական օգուտ կտա. օրինակ միայն այն, որ տղամարդը երբեք չմտածի, որ եթե ինքը լիքը աշխատում, իսկ կինը երեխաներին է խնամում, էդ լիքը փողից ինքը կարող է նվիրել կնոջը — փոխարենը իմանա, որ դա նվեր չէ, այլ այդ փողի մի զգալի մասը կնոջ սեփականությունն է և ինքը պարտավոր է դա հանձնել կնոջը, ոչ թե նվիրել»։

Կիսվել սոց․ ցանցերում