Նավթի համաշխարհային պահանջարկը 2050 թվականին կարող է հասնել օրական 120,1 միլիոն բարելի

Նավթի համաշխարհային պահանջարկը մինչև 2050 թվականը կարող է աճել օրական գրեթե 18 միլիոն բարելով 2023 թվականի մակարդակի համեմատ և կազմել օրական 120,1 միլիոն բարել։ Նման գնահատական է տվել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։

Կազմակերպությունը կանխատեսում է, որ 2029 թվականին նավթի պահանջարկը կկազմի օրական 112,3 միլիոն բարել, ինչը 10,1 միլիոն բարելով ավելի է 2023 թվականի համեմատ։ Միաժամանակ ՆԱԵԿ-ն ընդգծում է, որ նկատելի հակադրություն կլինի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ չհանդիսացող երկրներում պահանջարկի շարունակական աճի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ հանդիսացող երկրներում պահանջարկի լճացման միջև։

Այսպիսով, ՆԱԵԿ-ի կանխատեսման համաձայն, 2023-2029 թվականներին նավթի պահանջարկը ոչ ՏՀԶԿ երկրներում կաճի 9,6 միլիոն բարելով և կկազմի օրական 66,2 միլիոն բարել, մինչդեռ ՏՀԶԿ երկրներում պահանջարկը տատանվելու է օրական 46 միլիոն բարելով:

ՆԱԵԿ-ի զեկույցում ներկայացված տվյալների համաձայն՝ 2023-2050 թվականներին նավթի պահանջարկը կարող է ամենաշատը աճել Հնդկաստանում՝ օրական 8 միլիոն բարելով: Չինաստանում պահանջարկի աճը կարող է հասնել 2,5 մլն բարել/օր, ասիական այլ երկրներում՝ 5,2 մլն բարել/օր, Լատինական Ամերիկայում՝ 3 մլն բարել/օր, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ 4,4 մլն բարել/օր, իսկ Ռուսաստանում կարող է հասնել օրական 0,2 մլն բարելի։

Կիսվել սոց․ ցանցերում