Ինչպես հայտնել ենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ծառայողական մեքենան տարվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Սույնի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ին ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 02:15-ին, Երևանի կենտրոնում ծառայություն իրականացնող պարեկները Թաիրով փողոցում նկատել են, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարել է հանդիպակաց երթևեկելի գոտով։
Պարզվել է, որ մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում։
«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124 հոդվածի 18-րդ և 126 հոդվածի 1-ին մասերով նախատեսված արարքների համար վարորդի նկատմամբ կազմվել են արձանագրություններ»,- նշեցին կառույցից:
Նշված մեքենան հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին, սակայն ըստ սկզբնաղբյուրի՝ վեջինս ավտոմեքենայում չի եղել: