Էրդողանի գրքի թեմայով )
7 լեզվով հրատարակված Էրդողանի՝ «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» գիրքը, կարդացել եմ 1․5-2 տարի առաջ՝ տպագրվելիք հոդվածներիս ժողովածուի 5 հատորում նրանից արժեքավոր հատվածներ մեջբերելու համար։ Այդ հատվածները տեղ են գտել տարեվերջին հրատարակվելիք 5-րդ հատորում։
Դրանում Էրդողանը հիմնականում խոսում է ավելի արդար աշխարհակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին, հերթական անգամ նշում է, որ աշխարհը մեծ է 5-ից՝ նկատի ունենալով ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները, որոնք հանդիսանում են Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթող երկրները, ընդգծում է, որ ՄԱԿ ԱԽ-ը ծառայում է միայն վետոյի իրավունք ունեցող երկրներին և այլն։
Էրդողանը տարբեր տեսանկյուններից է վերլուծում ՄԱԿ ԱԽ-ի ներկայիս կազմի անարդար լինելը՝ գերտերությունների, աշխարհամասերի, կրոնական, երկրների բնակչության, ազգերի ծագման, կազմակերպությունների և այլ առումներով։
Նա առաջարկում է, որ ՄԱԿ ԱԽ-ն ունենա առնվազն 20 մշտական անդամ, որում բնականաբար կլինի նաև Թուրքիան և կարևորում է մեկ երկրի կողմից վետո կիրառելու վերացման անհրաժեշտությունը, որ ՄԱԿ ԱԽ-ը հաշվետու լինի ՄԱԿ ԳԱ-ին։
Էրդողանի որոշակի հաղթանակը կարելի է համարել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ նույնպես խոսել է ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ պետք է դառնան նաև Հնդկաստանը, Գերմանիան ու Ճապոնիան։
Իր գրքում Էրդողանը նույնպես կարևորում է այս երեք երկրների՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ դառնալը՝ նշելով, որ Գերմանիան ու Ճապոնիան այլևս Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված երկրները չեն, իսկ Հնդկաստանի դեպքում կարևորել է նրա մեծ բնակչությունը։ Նրա խոսքով՝ Հնդկաստանը, Բրազիլիան, Ինդոնեզիան ու Պակիստանը՝ 4 երկրներ, որոնք ներկայացված չեն ՄԱԿ ԱԽ-ում, ունեն մոլորակի բնակչության ¼-ը։
Մյուս կողմից էլ Էրդողանն ընդունում է, որ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների թվի մեծացումը չի լուծի խնդիրը՝ հավելելով, որ ասենք մշտական անդամ դառնալուց հետո Հնդկաստանը մի՞թե կպաշտպանի նաև Պակիստանի, Բրազիլիան՝ Արգենտինայի, Եգիպտոսը՝ Սուդանի շահերը։
Լուսանկարներում առկա են Էրդողանի ու նրա կնոջ գրքերը, ինչպես նաև թուրքական իշխանությունների «ուղեղ» համարվող SETA վերլուծական կենտրոնի հրատարակած գրքերի մի մասը, որոնց կարդացել եմ հոդվածներիս ժողովածուն տպագրելուց առաջ։
Ովքեր գնել են առաջին երեք հատորները, տեսած կլինեն, որ բազմաթիվ մեջբերումներ են արվել այս և նաև տասնյակ այլ գրքերից, որոնք նախկինում տեղ չեն գտել իմ հրապարակած հոդվածներում։ Առջևում 4-րդ ու 5-րդ հատորների հրատարակումն է, սակայն մինչ դա ձգտում եմ կարդալ SETA-ի տպագրած ամեավերջին 4-5 գիրքը և հետո հատորները հանձնել տպագրության։
Խնդիրն այն է, որ SETA-ի այդ գրքերը հիմնականում տպագրվել են այս տարի, այսինքն երբ արդեն սկսել էի իմ հատորների տպագրությունը։ Այլապես թե՛ 4-րդ, թե՛ 5-րդ հատորներն այսօր էլ կարող եմ ուղարկել տպարան։ Իմ տպագրված հատորների հղումները կդնեմ մեկնաբանությունների բաժնում։

Աղբյուրը՝
https://www.facebook.com/hayk.gabrielyan.9/posts/pfbid0Fr7mmNzkja25ohBLQUw8zDuG3TnbheKbeNZcbvzkH1UvGPJvTocAy61j9GfDhqM1l?rdid=rnIFnApX5e0wj9VL
