«Գռզո պլազա» ՍՊԸ-ի կարծիքով՝ դատավոր Անի Հարությունյանը չի կարող անկաշկանդ քննել «Սիլ պլազայի» գործը

Վարչական դատարանում սկսվեց Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» շենքի՝ 1995-97 թվականներին տեղի ունեցած սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու գործով դատական քննությունը։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող շենքը Գլխավոր դատախազությունը ցանկանում է վերադարձնել պետությանը։

Այս գործով հայցվորը Գլխավոր դատախազությունն է, պատասխանողը՝ Կադաստրի կոմիտեն, իսկ «Սիլ պլազայի» սեփականատեր «Գռզո պլազա» ՍՊԸ-ն դատարանում հանդես է գալիս որպես երրորդ անձ։

Դատական նիստին «Գռզո պլազա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Գորիկ Միրզոյանը դատավոր Անի Հարությունյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։ Փաստաբանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազությունը 2022 թ.-ին հայտարարել էր դատավոր Անի Հարությունյանի վերաբերյալ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

«Անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել դատական ակտի օբյեկտիվ լինելը։ Դատավորը կարող է ունենալ որոշակի կաշկանդվածություն նշված քրեական գործի առկայության պայմաններում։ Հակառակ դեպքում, եթե նույնիսկ դատական ակտով հայցը մերժվի, նույնպես կարող է նման տրամաբանությամբ, կրկին անկողմնակալ դիտորդի մոտ այդ տպավորությունը ստեղծվել։ Հետևաբար, կարծում եմ, որ սա հիմք է, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի սույն գործով»,- հայտարարեց «Գռզո պլազա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գորիկ Միրզոյանը։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Սոնա Հովսեփյանն առարկեց դատավորին բացարկ հայտնելու միջնորդության դեմ։ Դատախազը նշեց, որ դատախազության կողմից դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը չի կարող անկողմնակալություն ի հայտ բերել։

Դատավոր Անի Հարությունյանն իր դեմ ներկայացված բացարկի հարցով որոշում կայացնելու նպատակով նիստը հետաձգեց։

Գլխավոր դատախազությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել 2 դրվագով (հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելը և հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը)։ Դատավոր Հարությունյանը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի (Գրիշա) Հարությունյանի դուստրն է, վարչական դատարանի դատավոր է նշանակվել 2013 թ.-ին։

Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է «Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչել և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»։

Իրավական այս գործընթացը տեղի ունեցավ «Հետք»-ի՝ «$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»» վերտառությամբ հետաքննության հրապարակումից հետո։ Գլխավոր դատախազությունում մեր հոդվածն ուսումնասիրվեց, ապա քրեական գործ հարուցվեց, որից հետո դատախազությունը դիմեց դատարան։

Տեսանյութ՝

https://hetq.am/hy/article/153231?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3AjWUPkdIDtHEy9lgIhchNCLD_TB-M8fyCtdVqlz0AnGWSI1FiMxylvfI_aem_4PMa_XnWEVQdVQ3uxbQuiw

Կիսվել սոց․ ցանցերում