Կառուցապատող ընկերությունը թաքցրել է հարկման օբյեկտները. պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վճարվել 100 միլիոն դրամ

ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հերթական դեպքի մի շարք հանգամանքներ։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020 թվականին կառուցապատող ընկերությունը Երևան քաղաքի համայնքի կողմից ստացել է շինարարության թույլտվություն` Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար: 2024 թվականի հունվարի 22-ին ընկերությանը տրամադրվել է ավարտական ակտը: Ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 18-ի դրությամբ իրականացվել է 14 միավոր գույքի սեփականության իրավունքի գրանցում՝ ընդհանուր 202.565.000 ՀՀ դրամ արժեքով։

2024 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար նշված ընկերության կողմից ներկայացվել են ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ, որոնցում թաքցվել են հարկման օբյեկտները, մասնավորապես` չեն արտացոլվել ընկերության կողմից ապրանքների մատակարարման՝ անշարժ գույքերի սեփականության իրավունքների գրանցման արդյունքում առաջացած ԱԱՀ-ով հարկման բազաները։ Արդյունքում՝ պետությանը պատճառվել է 246.661 988 ՀՀ դրամի վնաս:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024 թվականի ընթացքում ընկերության տնօրենի կողմից պետական բյուջե է վճարվել պատճառված վնասից 100.000.000 ՀՀ դրամը:

Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում