«Ոնց կարելի է Սուրբ Էջմիածինը նույնականացնել մի քանի եկեղեցականների հետ»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե Մայր տաճարի վերաօծման ժամանակ վեհափառի ելույթը, որ Սուրբ Էջմիածնի դեմ մարտնչողները ազգի և ինքնության դեմ են մարտնչում, ընդդիմադիրների կողմից որակվել է որպես ապտակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
«Վեհափառը ընդամենը հավատացյալների ծառան է, որը պետք է մեզ օգնի Աստծո հետ հաղորդակցվել, ինքը թագավոր չի, Սուրբ Էջմիածինը չի, եկեք անգրագիտություն չանենք և Սուրբ Էջմիածինը, հավատը և մարդը չնույնացնենք»,- ասաց Սիմոնյանը:
Վերջինս նաև նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը, որին սրբազան Բագրատը անվանում էր նեռ, այնուամենայնիվ, Մայր տաճարի օծմանն այնտեղ էր, իսկ ինքը անհասկանալի էր, թե ուր. «Ինքն ո՞ւր էր, կարո՞ղ է ներս չէին թողել: Համենայն դեպս անհասկանալի էր, թե ոնց ստացվեց, որ ՀՀ իշխանություններն այնտեղ էին, իսկ «Սրբազան պայքար»-ի առաջնորդը պալատկի մեջ չգիտեմ որտեղ էր»:
Սիմոնյանը նաև նշեց, որ Գալստանյանը պիտի պատասխան տա ստի և այն ամենի համար, ինչ երկրի անվտանգության դեմ արել է:
«Եկեղեցին ու հավատը սարքել մանրադրամ ու շահի համար ոչ միայն ստորություն է, այլ նաև սրբապղծություն, ու ինքը պետք է մնա փողոցում այնքա՜ն երկար»,- ասաց նա:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին հոգևորականի կարգավիճակը սառեցրած Վազգեն (Բագրատ) Գալստանյանը կրկին հնրահավաք է հրավիրել՝ արդեն անհաշվելի անգամ պնդելով, թե «մտել են վճռական փուլ»:
Գալստանյանը նաև չէր մասնակցել Մյուռոնօրհնության և Տաճարի վերաօծման արարողություններին՝ իր բացակայությունը արդարացնելու համար հայտնելով, թե վանքերից մեկում եռօրյա ծոմապահության է գնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրականում Մայր Աթոռից Գալստանյանին արգելել էին մասնակցել Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին:
https://armtimes.com/hy/article/297253?fbclid=IwY2xjawFoydNleHRuA2FlbQIxMQABHUQ7Fvghs1Zffffwmzq-rNVXDo0c-7Umz3mONM84Z7kDirlpZyQ4Vcrx1w_aem_08FDK5behRp3ltvyVoH9WQ
