Իրանի գերագույն առաջնորդ шյաթոլլա Խամենեին 5 տարվա մեջ առաջին քարոզն է կարդացել Թեհրանում՝ խոսելով «վшմպիր» ռեժիմից

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին 5 տարվա ընթացքում առաջին անգամ ուրբաթօրյա աղոթք է կատարել Թեհրանի Մոսալլա մեծ մզկիթում:

Այաթոլլան հանդես է եկել հիմնական ելույթով, որտեղ արդարացրել է Իրանի հարվածներն Իսրայելին և սպառնացել Իսլամական Հանրապետության թշնամիներին:

Իրանի գերագույն իշխանություն Ալի Խամենեին դիմել է հազարավոր հավատացյալների, որոնցից ոմանք կրել են Իրանի «դիմադրության առանցքի» սպանված առաջնորդների դիմանկարները (որը ներառում է «Հըզբոլլահ»-ը, Եմենի հութիները և բազմաթիվ խմբեր Սիրիայում և Իրաքում), ովքեր ընդդիմանում են Իսրայելին և ԱՄՆ-ին, գրում է The Guardian-ը։

Հազարավոր իրանցիներ հավաքվել են մայրաքաղաք Թեհրանում, որպեսզի տեսնեն առաջնորդին: Խամենեիի դիմանկարը տեղադրվել է գլխավոր բեմում՝ սպանված «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի լուսանկարի կողքին։ Որոշ հավատացյալներ ձեռքներին կանաչ և դեղին «Հըզբոլլահի» դրոշ են պահել, իսկ մյուսները՝ Պաղեստինի դրոշը, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր քարոզում ասել է, որ երեքշաբթի օրը Իրանի հարվածը Իսրայելին «նվազագույն պատիժ» է Իսրայելի համար՝ իր «ապշեցուցիչ հանցագործությունների համար»:

BBC News-ի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդն ասել է, որ Իսրայելը «վամպիր» ռեժիմ է՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը «ուժով և հաստատակամությամբ» կկատարի Իսրայելի դեմ «ցանկացած պարտավորություն»: Խամենեին ասել է, որ Իրանը և նրա տարածաշրջանային վստահված անձինք հետ չեն կանգնի Իսրայելից:

Երեքշաբթի երեկոյան, հիշեցնում է The Guardian-ը, Իրանը բարձր արագությամբ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, ինչը դարձել է Թեհրանի երբևէ ամենամեծ հարձակումը իր տարածաշրջանային թշնամու վրա: Հարվածները, որոնք Թեհրանի խոսքով՝ թիրախավորել են ռազմաբազաները, հիմնականում հետ են մղվել իսրայելական հակաօդային պաշտպանության կողմից, որոնց աջակցում են արևմտյան դաշնակիցները: Իրանական հրթիռային հարձակումները սկսվել են այն բանից հետո, երբ անցյալ ուրբաթ Իսրայելը հարված է հասցրել Բեյրութին, որի հետևանքով սպանվել է «Հըզբոլլահ»ի առաջնորդ Հասան Նասրալլան:

Իրանի գերագույն առաջնորդը քարոզի ժամանակ նաև հավելել է, թե Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա «օրինական էր»:

«Մեր զինված ուժերի գործողությունը, որն իրականացվել է մի քանի օր առաջ, բացարձակապես օրինական էր»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանի թշնամին նույն թշնամին է, ինչ Պաղեստինի պետության, Լիբանանի և այլ մահմեդական երկրների թշնամին:

Կիսվել սոց․ ցանցերում