««Բոլոլա 3»-ի նկարահանումները մեկնարկել են սեպտեմբերի սկզբից, արդեն գրեթե վերջացրել ենք, իսկ եթերում կլինի արդեն հոկտեմբերի վերջին»,-Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան, պրոդյուսեր Մենչը:
Նրա խոսքով՝ այս եթերաշրջանում անակնկալները լինելու են սյուժետային: «Ունենք ավելացումներ դերասանական կազմում, մեզ են միացել Մոսո Կարապետյանը և Գոռ Հակոբյանը: Մեզ մոտ գրեթե կուրիոզներ չեն լինում, դժվարություններ նույնպես, քանի որ բոլորը գիտեն իրենց անելիքը»,-նշեց Մենչը
Դերասանուհի Զառա Սահակյանն էլ նշեց, որ մեկնարկում է «Բոլոլա»-ի 3-րդ եթերաշրջանը, ինչը նշանակում է, որ շատ սիրված ու սպասված նախագիծ է դարձել:
«Այս ընթացքում, դադարի ժամանակ միշտ ինձ հարցնում էին նախագծից: Բացի վիրտուալ աշխարհում անընդհատ նամակներ ստանալուց, դրսում էլ էին շատ հարցնում: Մեր բակում «Բոլոլա»-ի կուտակված խմբեր ունենք երեխաների, որ անդադար հարցնում են՝ երբ է սկսվելու: Շատ սպասված է դարձել հեռուստադիտողների կողմից»,- ասաց Զառա Սահակյանն, ում խոսքով՝ բավականին հետաքրքիր ու ինտրիգային հատվածներ է սպասվում: «Քանի որ մեր երեխաներն արդեն մեծացել են, աստիճանաբար ամուսնանում են, այդ ամենն անդրադառնում է նաև ընտանիքի վրա: Մոր կերպարն արդեն բացի իր տան մաքրությունից, որի վրա էր միշտ կենտրոնացած, արդեն ավելի մեծ կենտրոնացում ունի երեխաների անձնական կյանքի ու մյուս ոլորտների վրա: Այդ թեման առանձին գիծ ունի, բայց չեմ ուզում չակերտները բացել»,- նշեց դերասանուհին:
Նրա խոսքով՝ հանդիսատեսը միշտ սովոր էր իրեն տեսնել գրոտեսկային կերպարներում, այս նախագիծը հնարավորություն տվեց հանդես գալ շատ ավելի հավաք և իրատեսական կերպարում:
«Ինձ համար էլ էր հետաքրքիր ու բավականին սիրվել է: Մենք արդեն մի օրգանիզմ ենք դարձել, ընտանիքի նման ենք: Իրականում լարված է, երբ առավոտվանից ֆիքսված նկարահանվում ենք մինչև ուշ ժամ, բայց այդ ժամանակը մեզ համար շատ արագ ու աննկատ անցավ: Նաև նպաստեց եղանակը, որ թեթև անցավ: Նախորդ 2 եթերաշրջանների ժամանակ անտանելի շոգ էր:
Բացի այդ կարոտել էի Մենչի հետ աշխատելուն: Ես միշտ շեշտում եմ, որ իր հետ շատ կոմֆորտ է աշխատելը, որովհետև բացի լավ ընկեր լինելուց, կարողանում է ամեն ինչ լավ կազմակերպել: Չունենք բացթողումներ, ամեն ինչ սահուն է անցնում»,- եզրափակեց Զառան: