Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին պատասխանող կողմը հանդես եկավ միջնորդությամբ, որը վերաբերում էր Միհրան Պողոսյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելուն, և դրա արդյունքում 5 մլն դրամ փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությանը՝ «Կոնցեռն Դիալոգ»-ին որպես կանխավճար տրամադրելուն։
Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը նշեց՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանվում է, որ անձի գույքի նկատմամբ նախնական ապահովում կիրառելու պարագայում վերջինս կարող է միջնորդություն ներկայացնել այդ նախնական ապահովման միջոցի վերացման համար, եթե հիմնավորվում է, որ, ի թիվս այլնի, դա անհրաժեշտ է փաստաբանի ծախսերը հոգալու համար։
Նրա խոսքով՝ միջնորդության լուծման համար էական նշանակություն ունեցող վկայակոչված փաստերից հետևում է, որ այս գործի շրջանակներում փաստաբանական ծառայություններ մատուցելու նպատակով նախատեսվում է գործով պատասխանող Միհրան Պողոսյանի փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում, որով նշվելու է նաև կանխավճարի չափը․ նախնական պայմանավորվածությամբ այն նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ։
Հավելեց, որ կողմերի միջև կնքված պայմանագրի՝ այս պահին առկա չլինելը պայմանավորված է այն հանգամանքներով, որ իրենց հայտնի չէ՝ դատարանը միջնորդության լուծման արդյունքում ինչ չափի միջոցներ կհանի արգելանքից, իսկ այդ հարցի լուծումը կարող է պայմանավորել նախատեսվող կանխավճարի հստակ չափի որոշումը։
Արամ Օրբելյանը միջնորդության վերաբերյալ ասաց․ «Խնդրում ենք 5 մլն դրամի չափով հենց «Կոնցեռն դիալոգ»-ին վճարվելիք գումարի չափով դրամական միջոցներից որև մեկից կամ բոլորից, դատարանն ինչպես նպատակահարմար կգտնի, վերացնել արգելանքը, ընդ որում գումարը հենց ընկերությանը վճարելու տեսակետից։ Գումարն, ըստ էության, փաստաբանական ծառայության համար է, որից նվազեցվելու է մեր կատարած գործողությունները, ու փորձը ցույց է տալիս, որ 5 միլիոնից հաստատ անցնելու է, հետագայում արդեն կքննարկենք ավել գումար ազատելու կամ չազատելու հնարավորությունը»։
Նախագահող դատավոր Ռուդոլֆ Ավագյանի հարցին, թե կանխավճարի չափի՝ 5 մլն դրամի մեջ ինչն է ներառվում, հատկապես այն դեպքում, երբ կնքված պայմանագիր չկա, չի նշվել՝ ինչ ծախսերի մասին է խոսքը, Օրբելյանը պատասխանեց՝ պայմանագիր կա, ճիշտ է, այն դեռևս ստորագրված չէ, բայց կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել: Նա նշեց նաև, որ «Փաստաբանության մասին» օրենքի համաձայն՝ պայամանգիրը կարող է կնքվել 2 ամսվա ընթացքում։
«Կանխավճարը սպառվում է կատարված աշխատանքի շրջանակներում, հիմքում դրվում է կանխավճարի կոնցեպտը, որը նաև ընդունված է Փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված մեխանիզմով, այսինքն՝ կարող է լինել ֆիքսված գումարը, կարող են լինել ժամավճարային մոդելներ։ Հաշվի առնելով գործի ծավալը, մեծությունը, մենք նախատեսել ենք 5 միլիոնը, ակնհայտ է՝ վերջնական թիվը շատ ավելի մեծ է լինելու․ խոսքը բացառապես այս գործով ներկայացուցչության իրականացման մասին է»,-ասաց փաստաբանը։
Դատավորը կրկին հարցրեց, թե կանխավճարի համար տրամադրվելիք գումարն ինչի համար է, Օրբելյանը ասաց՝ շատ երկրներում են փաստաբաններն աշխատում կանխավճարի տրամադրման եղանակով, այն տրվում է ոչ թե կատարված, այլ կատարվելիք աշխատանքի համար, և այս գործով պետք է գնահատման առարկա դառնա այն՝ այս գործով ներկայացուցչությունը 5 միլիոն դրամ կարող է կազմել, թե ոչ։
Ամբողջական նյութը՝
https://armday.am/post/267952?fbclid=IwY2xjawFw8HFleHRuA2FlbQIxMQABHfnhJuVoqi9bU6HxpL3oJWMNFZbpfwKXB4F_sZN25NAJNdO4ClAVo6619A_aem_pEDVFIJHS4X8VSNs0jNgcA