Աստծու հետ մտերմությունը բերում է նաև հաղթանակներ վախերի և անհանգստությունների նկատմամբ։ Նրա փառավոր ներկայությանն է փափագում մեր հոգին՝ մեզ տալով հույս ու հավատ` վտանգներից և չարի կրակոտ նետերից պաշտպանվելու համար։ Առանց Աստծու հետ մտերիմ և ջերմ հարաբերության չի կարող լինել Նրա ներկայությունը, և վախերը, կասկածներն ու տարակուսանքները կարող են բերել այդ ներկայության և մտերմության կորստին, որից տուժում ու վնասվում է մարդը։
«Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք ու մի՛ վախեցեք»։ Նրանք աչքերը բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան»։
Մատթեոս 17։7-8
Սիրելի ընթերցող, այո՛, անհերքելի փաստ է, որ մեր մարմինները տկար են կատարելու Աստծու կամքն ու պատվիրանները, սակայն Հոգին է ուժ և շունչ տալիս մարդուն, որպեսզի կարողանա մարմնին ենթարկեցնել Հոգու պահանջներին և կամքին։ Հոգին մեր կյանք է գալիս Տեր Հիսուսին ընդունելու և Նրան հավատալու արդյունքում, Հոգին Քրիստոսի ներկայությունն է ապահովում մեր կյանքում։ Եթե Տերը մեր կյանքում է, ապա ի՞նչը կարող է մեզ վախեցնել, եթե ճաշակել ենք Տիրոջ քաղցրությունն ու հաղորդ ենք Նրա Հոգու հետ։
«Մի՛ վախեցիր, Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, Ես քո Աստվածն եմ». ահա Աստծու քաջալերանքն ու ուղերձը քեզ, ով մարդ Աստծու, և երբ տագնապներն ու վախերը շրջապատեն քեզ, երբ փորձություններն ու գայթակղությունները գրոհեն դեպի քեզ, ապա հայացքդ չշեղես Քրիստոսից, այլ ավելի ու ավելի պինդ բռնվիր Նրա քղանցքներից, որովհետև ազատողը և ողորմողը Ինքն է։
