Ինչպես հայտնի է՝ աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը սեպտեմբերի 23-ին հատուկ շոուով հանդես կգա Երևանում՝ Հրազդան մարզադաշտում։
Համաշխարհային աստղի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան՝ լսելի դարձնելով իր խոսքը բեմից։
«Հայաստան, ես լավ նորություն եմ բերել ձեզ։ Շուտով կգամ ձեր գեղեցիկ քաղաք՝ Երևան, որտեղ սեպտեմբերի 23-ին ելույթ կունենամ հատուկ շոուի ընթացքում»,-ավելի վաղ հայերի համար ձայնագրված տեսաուղերձում ասել էր ռեփերը՝ նշելով, որ տեղյակ է հայերի հյուրասիրության մասին անհամբերությամբ է սպասում այս հանդիպմանը։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության որոշմամբ Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար):
Ինչպես նշված է որոշման հիմնավորումների մեջ, հատկացվող 2,319 մլրդ դրամը կուղղվի Snoop Dogg-ի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրին կմասնակցի 20-25 հազար մարդ, այդ թվում՝ 5-6 հազար զբոսաշրջիկ:
