Ամուր հիմքերով ընտանիք ստեղծելու գլխավոր նախապայմաններից մեկն այն է, որ նոր կազմավորվող այդ «համակարգը» բարենպաստ միջավայր լինի անդամներից յուրաքանչյուրի անձնային զարգացման համար: Պրիմիտիվ է պատկերացումը, որ ընտանիքը սերունդը շարունակելու համար է: Նման մտածողության արդյունքում է, որ հանդիպում ենք համատեղ կյանքի այդքան չհաջողված դեպքերի: Եթե մտածենք ընտանիքի մասին որպես կյանքի նոր փուլի անձնային զարգացման տեսանկյունից, ապա միանգամայն այլ սկզբունքներով կառաջնորդվենք այն կազմելիս…
Անկեղծորեն հարցրեք ինքներդ Ձեզ.«Իսկ ինձ զարգացում սպասվո՞ւմ է այս մարդու հարեւանությամբ: Նա պատրա՞ստ է առաջընթացի իր կյանքում: Իսկ ինձ հետաքրքրո՞ւմ է զարգացման նրա ընտրած ուղին»: Եթե ունեք երազանքներ եւ պլաններ, որոնց իրականացումը թանկ է Ձեզ համար եւ վտանգված՝ նորաստեղծ ընտանիքի պարագայում, հավատացեք, որ ձեր միությունն արդեն ամուր հիմքերի վրա չէ. չբավարարվածությունը մի օր գլուխ է բարձրացնելու:
Իհարկե, կհարցնեք, թե որտեղ մնաց սերը այս ռացիոնալ դատողությունների կողքին: Զույգերի մեծ մասը հենց այդպես էլ վարվում է. սիրահարվում են եւ ամուսնանում, որովհետեւ «չեն կարողանում ապրել առանց մեկը մյուսի»: Բայց շատ շուտով պարզ է դառնում, որ միայն սերը քիչ է: Երիտասարդ ընտանիքը բախվում է կենցաղային խնդիրների, մեծանում են հավակնությունները միմյանց հանդեպ, եւ նոր միայն ի հայտ են գալիս այն անհամատեղելիությունները, որ քողարկում էր «սերը»: Ընտանիք պետք է կազմել նրա հետ, ով գնում է նույն ուղղությամբ, ինչ Դուք, ընդ որում՝ նույն արագությամբ…
Երբ ընտանիքը նպաստավոր միջավայր է դառնում անձի անհատական զարգացման համար, հնարավոր է լինում նաեւ «սիրելը», եւ չի ստեղծվում մի իրավիճակ, երբ «հոգիդ մի բան է ուզում, բայց պարտադրված է հաշտվելու եղածի հետ»: Դա քայքայում է նախ մարդուն, հետո՝ անխուսափելիորեն նաեւ այն միջավայրը, որը «ճզմում» է նրան, այս դեպքում՝ ընտանիքը:
Ա. Նեկրասովի «Կյանք առանց ճգնաժամերի» գրքից
