Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է հետընտրական բողոքի ցույցերի մեկնարկի մասին. իշխանությունը մեծամասնություն չի կազմի

 

Ըստ նախնական տվյալների՝ առաջատարը «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն է, որը իշխանության ղեկին է արդեն 12 տարի։

Սա առաջին ընտրություններն էին երկրում էլեկտրոնային քվեատուփերի օգտագործմամբ, որոնք տեղադրվել էին ընտրատեղամասերի 74%-ում՝ ընդգրկելով ընտրողների գրեթե 90%-ը։

Ընտրատեղամասերի փակվելուց կարժ ժամանակ անց Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների ավելի քան 52%-ը։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել են ԿԸՀ-ից, խոսքը էլեկտրոնային քվեատուփերի տվյալների մասին էր, և ձեռքով վերահաշվարկից հետո տեղամասերի արձանագրությունների արդյունքներն օրինական ուժ ունեն։

ԿԸՀ գնահատականը

Մասնակցությունը կազմել է 58,94 տոկոս։ 2020 թվականի վերջին ընտրություններում այս ցուցանիշը հասել է 56,11 տոկոսի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլին ասել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ մթնոլորտում։

Քվեարկության ընթացքում ստացվել է 337 բողոք։ Բողոքները հիմնականում վերաբերել են քվեարկության գաղտնիության, նշագրման կանոնների, ընտրատեղամասերից դուրս տեղի ունեցած փաստերի, քարոզարշավի կանոնների խախտումներին, դիտորդների և կուսակցությունների ներկայացուցիչների իրավունքների խախտումներին։

Պարտություն՝ Թբիլիսիում ու շրջաններում, հաղթանակ՝ երկրում

Խորհրդարանի տեղերի համար պայքարում էր 18 կուսակցություն, որոնցից 5-ը նախկինում հաղթահարել էին 5 տոկոսի արգելքը։ Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ստացել է ձայների 54,243%-ը, ինչը նրան տալիս է ավելի քան 91 տեղ 150-տեղանոց խորհրդարանում։ Արտերկրում կուսակցությունը ստացել է ձայների 17,73 տոկոսը։

Բացի այդ, «Վրացական երազանքը» պարտվել է խորհրդարանական ընտրություններում Թբիլիսիի բոլոր շրջաններում։

«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն խոստովանել է, որ կուսակցությունն ավելին էր սպասում ընտրությունների արդյունքներից։

Իշխող կուսակցությունը կկարողանա միայնակ կառավարություն ձևավորել, բայց հիմնական օրենքը փոխելու համար սահմանադրական մեծամասնություն չի ունենա։

Ընտրություններից առաջ «Վրացական երազանքը» հայտարարել էր, որ իրեն անհրաժեշտ է կոալիցիոն մեծամասնություն (150 մանդատից 113-ը)՝ հակասահմանադրական ճանաչելու նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը ընտրություններին մասնակցել է «Միասնություն-Ազգային շարժում» անունով՝ միավորվելով  որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ:

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցությունները չեն վայելում ժողովրդի աջակցությունը, նրանք չեն կարողանա երկրում հեղաշրջում կամ հեղափոխություն իրականացնել։

Կալաձեն զգուշացրել է, որ պետությունը «կհետևի շատ կոշտ արձագանքի օրենքին», եթե ինչ-որ մեկը համարձակվի անօրինական քայլերի դիմել։

Ընդդիմության դիրքերը

Ընդդիմությունն ընդհանուր առմամբ ունի 36 տոկոսից մի փոքր ավելի ձայն։ Ընդդիմությունն իր հերթին ցանկանում էր ստանալ ընդհանուր մեծամասնություն կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար:

Նախնական տվյալներով՝ «Հանուն Փոփոխությունների» կոալիցիան ստացել է ձայների 10,805%-ը, «Միասնություն-Ազգային շարժում»-ը՝ 10,07%-ը, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,722%-ը, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,725%-ը։

«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Էլենե Խոստարիան ասել է, որ կուսակցությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և հոկտեմբերի 27-ից սկսել է շարունակական բողոքի ցույցեր։

Ե՛վ «Միասնություն-Ազգային շարժումը», և՛ «Ուժեղ Վրաստանը» չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։

Միջազգային արձագանքը և իրավիճակը Թբիլիսիում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է «Վրացական երազանքին» խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ նրա հաջողությունը որակելով ապշեցուցիչ։

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն կարծում է, որ «Վրացական երազանքը» հաղթել է ընտրություններում՝ չնայած արտաքին միջամտության փորձերին։ Նա վստահեցրել է, որ Բուդապեշտը Թբիլիսիին օգնություն կտրամադրի Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։

Վրաստանի մայրաքաղաքում հիշերվա ընթացքում իրավիճակը հանգիստ է եղել, բողոքի ակցիաներ չեն եղել ո՛չ խորհրդարանի, ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։, սակայն, ինչպես հայտնել է ընդդիմությունը, դրանք սպասվում են:

Կիսվել սոց․ ցանցերում