ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԱԺ-ում՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ:
«Ելույթում վարչապետն ասել է.
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
ԱԺ նախագահի հարգելի տեղակալներ,
Հանձնաժողովների հարգելի նախագահներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,
Այսօր սկսում ենք Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումները, և ուզում եմ այդ քննարկումներն սկսել պետական բյուջեի ընկալման մի դիտանկյունից, որը հատվածական հաճախ ենք քննարկել, բայց համակարգված ձևով քննարկելու առիթ երբեք չենք ունեցել:
Եվ այդ քննարկումը մեկնարկելու համար պիտի վկայակոչեմ հայեցակարգային մի քանի կարգախոս-բանաձևեր, որոնք առաջարկել եմ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ և հետո: Այդ բանաձևերից առաջինը հետևյալն է. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», երկրորդը հետևյալն է. «Հարստացիր և հարստացրու», երրորդ բանաձևը հետևյալն է. «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու՛ ես», չորրորդ բանաձևը հետևյալն է. «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ», հինգերորդ բանաձևը հետևյալն է. «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»:
Այս բոլոր բանաձևերը ուզում եմ դնել «Իրական Հայաստանի» հայեցակարգային շրջանակի մեջ և այդ դիտանկյունից մեկնարկել բյուջետային քննարկումները, այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերվում է ոչ միայն 2025 թվականի պետական բյուջեին, այլև «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» հասկացությանն ընդհանրապես:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր բոլորիս, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է: Երկրում ընդհանրապես կան տարբեր բյուջեներ. համայնքային, որ ձևավորում են համայնքները, ավագանիների հետ, մասնավոր կազմակերպությունների բյուջեներ, որ լուրջ կազմակերպությունները մանրամասն ձևավորում և քննարկում են ամեն տարի: Կան նաև ընտանեկան բյուջեներ:
Չեմ կարծում, թե Հայաստանում շատ են այն ընտանիքները, որ հաշվարկում, նախապես պլանավորում են իրենց տարեկան եկամուտներն ու անհրաժեշտ ծախսերը, ինչպես նաև անհրաժեշտ ծախսերին չհերիքող մասը, որ կոչվում է դեֆիցիտ:
Բայց եթե մեր ընտանիքներում բյուջետային հաշվարկի փաթեթներ չկան, չի նշանակում, թե ընտանեկան բյուջեներ չկան: Ընտանեկան բյուջեն թուղթ չէ, այլ այն, թե տարվա ընթացքում յուրաքանչյուր ընտանիք որքան եկամուտ է ստանում աշխատանքի և այլ գործողությունների, գործունեության արդյունքում, որքան է ծախսում և ինչ անհրաժեշտ ծախսերի համար նրան միջոցներ չեն հերիքում ու նա ստիպված է մտածել, թե ինչպես լրացնի այդ չհերիքող մասը: Ասենք, օրինակ, պարտք վերցնելո՞վ, որևէ ունեցվածք գրավ դնելով կամ վաճառելո՞վ, թե, ասենք, ավելի շատ աշխատելով:
«Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» հայեցակարգային տրամաբանությամբ, ահա, Հայաստանի Հանրապետության բյուջեն մեր հավաքական ընտանիքի բյուջեն է, որովհետև այն ձևավորվում է մեր բոլորիս, Հայաստանի Հանրապետությունում ապրող և գործունեություն ծավալող քաղաքացիների և պարզապես բնակիչների աշխատանքի ու գործունեության արդյունքում:
Ու չնայած բյուջեի ծավալուն նախագիծը կառավարությունն է գրում, պատրաստում ու բերում Ազգային ժողով, պետական բյուջեի եկամուտները կախված են նրանից, թե մեզնից յուրաքանչյուրը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի և բնակիչ որքան, ինչ արդյունավետությամբ և թափանցիկությամբ է աշխատում:
Սա ամենևին էլ այլաբանություն չէ, այլ ուղիղ իրականություն, որովհետև պետական բյուջեի եկամուտները ձևավորվում են, օրինակ, մեր եկամտային հարկից, որը ձևավորվում է միայն այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության հոկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 768 հազար քաղաքացիներ և բնակիչներ աշխատում են, աշխատավարձ ստանում ու եկամտային հարկ վճարում. եկամտային հարկը, ինչպես գիտեք առավելապես աշխատավարձի ձևավորման արդյունքում գոյացող հարկատեսակ է: Այսինքն՝ այդտեղ կան նաև այլ ուղղություններ՝ վարձակալություն, դիվիդենտներ և այլն, բայց մեր եկամտային հարկի առյուծի բաժինը, մեծ մասը՝ 80 և ավելի տոկոսը, եթե ոչ 90 և ավելի տոկոսը ձևավորվում է աշխատավարձից, այսինքն՝ աշխատավարձի հարկ: Իսկ այդ եկամտային հարկը ձևավորվում է միայն մի պատճառով, որ մարդն աշխատում է, աշխատավարձ է ստանում, և դրանից գեներացվում է եկամտային հարկը: Այսինքն՝ եթե չաշխատեր, աշխատավարձ չէր ստանա, և եկամտային հարկ չէր ձևավորվի:
Բյուջեի եկամուտները ձևավորվում են ավելացված արժեքի հարկից ու ակցիզային հարկից, որոնք ձևավորվում է միայն այն պատճառով, որ աշխատող, աշխատավարձ և այլ եկամուտներ ստացող մարդիկ ծառայություններ և ապրանքներ են ձեռքբերում, ինչի արդյունքում ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ է գոյանում:
Ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ գոյանում է նաև կենսաթոշակ, սոցիալական և ընտանեկան նպաստներ ստացողների կողմից ապրանքներ և ծառայություններ ստանալու արդյունքում, բայց սոցիալական այս խմբերն այսօր կենսաթոշակ և սոցիալական վճարներ ստանում են այսօր աշխատող ավելի քան 768 հազար աշխատողների վճարած հարկերի շնորհիվ: Այսինքն՝ նույնիսկ չաշխատող ու սոցիալական կամ ընտանեկան նպաստ ստացող խմբերի սպառման արդյունքում գոյացող հարկերը գեներացնում են աշխատող մարդիկ: Սա էլ է շատ կարևոր արձանագրում: Մեր երկրի բյուջեի եկամտային հոդվածներից ամենամեծն ավելացված արժեքի հարկի տողն է: Ինչո՞ւ է ձևավորվում ավելացված արժեքի հարկն ընդհանրապես, որովհետև քաղաքացիները, այն մարդիկ, որ աշխատում են և եկամուտներ են ստանում, նրանք գնում են ապրանք և ձեռք են բերում, օրինակ, ջուր:
Պետական հատվածի աշխատողներին վերաբերվում է այնքանով, որ նաև նրանց աշխատանքից է կախված, թե մասնավոր հատվածը որքան արդյունք կկարողանա գեներացնել այսօր, որքան արդյունք կկարողանա գեներացնել վաղը: Այսինքն՝ այն, ինչ մենք անվանում ենք ներդրումային միջավայր, գործարար ազատություններ և հնարավորություններ, ավելի լայն համատեքստում՝ ընդհանրապես բոլոր պետական ծառայությունները: Այստեղ նկատի ունեմ այն ծառայությունները, ինչպես, օրինակ, կրթությունը, որը որպես ծառայություն հիմնականում մատուցվում է պետության և պետական հատվածի աշխատողների կողմից: Այսինքն՝ ի՞նչ կապ ունի կրթությունը բյուջեի հետ, որովհետև մարդու ստացած կրթությունից է կախված, թե վաղը, մյուս օրն ինքն իր աշխատանքային գործունեության ընթացքում ինչ արդյունք է գեներացնելու: Աշխատանք ունենալո՞ւ է, թե չի ունենալու: Նկատի ունեմ օրենքները, որոնք ընդունվում են պետության և պետական հատվածի աշխատողների կողմից, այսինքն՝ մենք էլ, մենք բոլորս էլ պետական հատվածի աշխատողներ ենք: Դրանցում նախատեսված ընթացակարգերի կիրառումը, որը նույնպես հիմնականում իրականացվում է պետական հատվածի աշխատողների կողմից:
Այսինքն՝ այն օրենքները, որ մենք ընդունում ենք, ինչքանո՞վ են այդ օրենքները նպաստում, որ մարդը նախ քաջալերվի աշխատել, երկրորդն էլ՝ այդ աշխատանքի արդյունքում ավելի շատ արդյունք գեներացնի: Օրինականության և արդարության մակարդակը, որը նույնպես ապահովվում է պետության և պետական հատվածի աշխատողների կողմից: Մենք սա շատ հաճախ չենք գնահատում, բայց երկրում օրինականության և արդարության մակարդակը մեծապես կախված է մարդկանց աշխատելու, արդյունք ստեղծելու ցանկությունը և հնարավորությունների իրացումը: Արտաքին քաղաքականությունը, որն ընդհանրապես պետական մենաշնորհ է և իրականացվում է պետական հատվածի աշխատողների կողմից: Մենք սա էլ չենք գնահատել երկար ժամանակ, որ մի րոպե, բայց արտաքին քաղաքականությունն էլ կապ ունի տնտեսության և տնտեսական գործունեության և արդյունք գեներացնելու ծավալի հետ:
Այսպիսով՝ պետական հատվածի աշխատանքի բովանդակությունն ու որակը շատ բանով են կանխորոշում, թե որքան եկամուտներ կգեներացվեն երկրում: Իհարկե, դա մեծապես կախված է նաև մասնավոր հատվածում աշխատող մարդկանցից, որովհետև նաև նրանցից է կախված, թե իրենք առկա հնարավորությունները որքանով արդյունավետ կկիրառեն, այսինքն՝ որքանով կօգտագործեն «Հարստանալու այդպիսով նաև հարստացնելու» բանաձևային այն հնարավորությունները, որը ստեղծում կամ լավարկում է Կառավարությունը:
Պետական բյուջեի տեսակետից «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու՛ ես» բանաձևն ընդամենն այդ նույն հարցադրումն է պարունակում, իսկ արդյո՞ք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մեզնից յուրաքանչյուրը բավարար չափով և արդյունավետությամբ է աշխատում, որովհետև մեզնից յուրաքանչյուրի այդ աշխատանքից է կախված ոչ միայն մեր անձնական, այլև մեր համընդհանուր բարեկեցությունը, այդ բարեկեցության, ասել է թե՝ երկրի ապագան:
Յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն որոշակիորեն փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության համընդհանուր բարեկեցության հետ, որովհետև հնարավոր է լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության և աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանք և հնարավորություն չունենալ, այլ ընդհակառակը, ունենալ մեկուսացվածության ու տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռքբերածդ կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետևանքով, որովհետև եթե կա լայնածավալ թշվառություն և աղքատություն, հատվածական բարեկեցությունն առաջնային թիրախ է և աչքի փուշ: Այսինքն, եթե մի հասարակություն, որտեղ հիմնականում գերիշխում է թշվառությունը և աղքատությունը, այո, կարող են լինել մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքների բերումով, ես օրինականը նկատի ունեմ, անօրինականը չենք էլ քննարկում, ովքեր իրենց տաղանդի, հմտությունների, ճարպկության շնորհիվ օրինական վաստակեն և բարեկեցություն ապահովեն: Բայց նրանց այդ բարեկեցության վայելելու հնարավորությունը շատ քիչ է, որովհետև եթե համընդհանուր աղքատություն է, բարեկեցությունը դառնում է թիրախ, աչքի փուշ, ատելություն է ձևավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ այն պայմաններում, էլի եմ ասում, երբ թշվառություն ու աղքատությունը համընդհանուր են:
